ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանում Մահաթմա Գանդիի արձանը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչդատական վարույթում ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 61 տարեկան:

«Քննությամբ պարզվել է, որ տղամարդը, որը մասնավոր հիմունքներով ներկման աշխատանքներ է կատարել «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից այգու խաղահրապարակներում, 2021թ. ապրիլի 24-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության, նախօրոք այգում թողած բենզինը լցրել է նշված այգում գտնվող Մահաթմա Գանդիի արձանի պատվանդանի փոսի մեջ, այրել և դեպքի վայրից դիմել փախուստի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում տղամարդը հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 61 -ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: