Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

«Ձերդ Գերազանցություն,

Հարգելի պարոն վարչապետ,

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վերջին տարիներին չին-հայկական հարաբերությունները կայուն ու առողջ զարգանում են, ձեռք են բերվել զգալի արդյունքներ բազմակողմանի ոլորտներում:

Չինական կողմը պատրաստ է ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը և խորացնել փոխշահավետ համագործակցությունը հայկական կողմի հետ, որպեսզի շարունակաբար աճի Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների բովանդակությունը` ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Հայաստանին բարգավաճում և հզորացում, իսկ ժողովրդին` երջանկություն և բարեկեցություն»,- ասված է ուղերձում: