«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը երեկ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Մասնավորապես, նա երեկ՝ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին, հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին:

Այս հայտարարությունը ուշագրավ է իր խստությամբ. իհարկե, այս ընթացքում Պաշտպանության նախարարությունից եւս նմանատիպ հորդորներ եղել են, սակայն նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի մեղմ հայտարարություններով էին հանդես գալիս: Իսկ ինչո՞ւ հենց այժմ նման խիստ հայտարարություն անելու անհրաժեշտություն եղավ. նկատենք, որ այդ հայտարարությանը նախորդեց հուլիսի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Հայաստանի պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Արշակ Կարապետյանի հանդիպմանը:

Այսօր էլ ՊՆ-ն ընդունել է ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին եւ քննարկել սահմանային իրավիճակը: Նկատենք, որ երեկ պարզ դարձավ՝ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, եւ իրականացվում են շինաշխատանքներ սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով:

Այսինքն՝ ՀՀ սահմանները կամաց-կամաց տրվում են Ռուսաստանին: Ու սա անում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը օրումեջ բարձրաձայնում էր ՀՀ ինքնիշխանության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում