Թուրքիայի իշխանությունները մտադիր են 250 մլն ծառ տնկել անտառային հրդեհներից տուժած շրջաններում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հրդեհներից տուժած տարածքները կրկին կանաչապատվելու են: Ընդդիմությունն ասում է, որ դրանք իբր կկառուցապատվեն, դա սուտ է: Յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա երեք տնկի ձեռք բերել տնկման համար, ընդհանուր առմամբ կտնկվի 250 միլիոն ծառ»,- լրագրողներին ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի անտառտնտեսության վարչությունը հայտնել էր, որ երկրի հարավում 12 անտառային հրդեհ է մարվում, այդ թվում ինը՝ Թուրքիայի առողջարանային Անթալիա եւ Մուղլա նահանգներում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Քոջան, Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի, տուժածների թիվը՝ 864-ի: