Արցախի հարցերով մշտական հանձնաժողովը, կարծում եմ, առաջին հերթին անհրաժեշտ էր հենց իշխող ուժին, ավելի կոնկրետ՝ վարչապետին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գևորգ Դանիելյանը:

«Քաղաքական մեծամասնությունը, կարծում եմ, պետք է հեռատես լիներ և համարժեք ընկալեր այն, որ ոչ մի պարագայում չի կարելի ներկայիս բարդ ու հակասական արտաքին հարաբերություններում գործադիր իշխանության գլխին թողնել միայնակ, պարզ ասեմ՝ առանց մանևրելու չնչին հնարավորության, հակառակ պարագայում հնարավոր և իրական ճնշումները դառնում են խիստ առարկայական՝ զրկելով վերջինիս ներքին սահմանադրաիրավական ընթացակարգերի վրա հղում անելու որևէ հնարավորությունից։ Գործում է «Դուք մեծամասնության մանդատ ունեք, ուստի համարձակ կարող եք ցանկացած ցավոտ հարց ինքնուրույն լուծել՝ առանց խորհրդարանի կամ որևէ այլ պետական կառույցի, նույնիսկ հանրաքվեի միջամտության» սկզբունքը։

Մեծամասնության հակափաստարկները, մեղմ ասած, համոզիչ չէին, քանզի Արցախի հարցերով բազում օրենսդրական դեռևս չկարգավորված խնդիրներ կան (օրենսդրութամբ անգամ հստակ կանոնակարգված չէ արցախցիների քաղաքացիության խնդիրը, իսկ «աշխատանքային» լուծումները արժեք չունեն), այդ ոլորտում գործադիր֊կարգադրիչ մարմինների նկատմամբ անխուսափելի խորհրդարանական վերահսկողությունը չի կարող մասնատվել ու փոշիացվել, վերջապես չի գործում Արցախի իրավական կարգավիճակի հստակեցման համապարփակ հայեցակարգ։

Հ.Գ. Մոտ տաս տարի առաջ Եվրամիության անդամ պետությունների գլուխները «սիրահոժար» ստորագրեցին՝ հավանություն տալով Եվրամիության Սահմանադրության նախագծին, սակայն նույն այդ երկրներում իրականացված հանրաքվեներում նախագծին կողմ քվեարկեց ընդամենը 2-3 տոկոսը»,- գրել է Դանիելյանը: