Ազգային ժողովի խմբակցությունները ներկայացրել են մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտը հաստատելու մասին որոշման երկու նախագիծ։ Դրանցից մեկը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր», մյուսը՝  «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները։

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԱԺ նիստում  ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագիծը։

«Մեր խմբակցության կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է ութերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից երկուսը՝ առողջապահության հարցերի ու աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները գործում են տարանջատված։ Սահմանադրության 106 հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խորհրդարանում ընդգրկված խմբակցություններում ներկայացված պատգամավորների թվի համամասնությամբ՝ հաշվի առնելով, որ 8-րդ գումարման Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ունի 71 անդամ, Հայաստան խմբակցությունը՝ 29, իսկ Պատիվ ունեմ խմբակցությունը՝ 7 անդամ»,- ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ նախագծով առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում կունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կունենան մեկ անդամ առաջադրելու իրավունք։

Հանձնաժողովների անունները կրկնում են յոթերորդ գումարման Ազգային ժողովում ձևավորված հանձնաժողովները, բացառությամբ վերոնշյալ երկու հանձնաժողովների, որոնք նախկին խորհրդարանում գործում էին միավորված։