Հունական Էվիա կղզում մոլեգնող անտառային հրդեհը ոչնչացրել է առնվազն 150 տուն: Կրակ շրջապատել է  վանքն ու տասնյակ գյուղեր, գրում է The Guardian-ը` մանրամասնելով, որ Սուրբ Դավիթ վանքի երեք վանականներ հրաժարվել են հեռանալ, սակայն մոտակա գյուղերից բոլորը տարհանվել են:

«Մենք շնչահեղձ ենք լինում ծխի պատճառով», — գործակալությունների մեկի հետ հեռախոսազրույցում պատմել է վանականներից մեկը՝  նկարագրելով վանքը շրջապատող 30-40 մետր բարձրությամբ բոցերը:

Ոստիկանությունը հայտնել է, որ վանականներին կստիպի տարհանվել, եթե նրանց կյանքին վտանգ սպառնա: Լողափում հավաքված շուրջ 85 մարդ տարհանվել է հինգ նավակով:

Աղբյուրը գրում է, որ սա մեկն է մոտ հարյուր անտառային հրդեհներից, որոնք այս օրերին պատուհասել են Հունաստանը:

Հինգշաբթի առավոտյան հրշեջները շարունակել են մարել Աթենքի մերձակայքում բռնկված հրդեհը, մինչդեռ Օլիմպիական խաղերի ծննդավայր Օլիմպիայի քաղաքապետը օգնություն է խնդրել, քանի որ կրակը սպառնում է այդ վայրին: Օլիմպիայում մոտ 100 հրշեջ պայքարում է կրակի դեմ, նրանց  օգնում են երեք ուղղաթիռ և երկու ինքնաթիռ:

Հրդեհները բռնկվել են, քանի որ Հունաստանը գտնվում է շոգ ալիքի ճիրաններում: Փորձագետները նախազգուշացրել են, որ գլոբալ տաքացումը մեծացնում է նման հրդեհների հաճախականությունը և ուժգնությունը:

«Այն ամենը, ինչ կարելի է անել թանգարանն ու հնագիտական վայրը, որտեղից սկսվել են Օլիմպիական խաղերը, փրկելու համար, արվել է», — ասել է մշակույթի նախարար Լինա Մենդոնին: