«Երբ մարդը զուրկ է արժանապատվությունից՝ կարող է լինել և՛ անգրագետ, և՛ զրպարտել, և՛ սուտ խոսել: Աղվան Վարդանյան նախարարը կենսաթոշակային համակարգը չի ղեկավերել, քանի որ կառավարության համակարգում այն եղել է առանձին միավոր՝ իր տարբեր ղեկավարներով»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթին:

Մինչ այդ Բագրատյանը Աղվան Վարդանյանին նվիրված իր ելույթի հատվածը վերնագրել էր «Մերօրյա սագագողը»:

«Մարդ, որը տարիներ շարունակ հանգուցյալներին վճարել է կենսաթոշակներ, մանկատներից մեր մանուկների հացն է գողացել, այդ մարդը հարգանքի մասին խոսելու իրավունք չունի»,-հայտարարել էր Բագրատյանը:

Բագրատյանի խոսքով՝ հանգուցյալներին վճարվել է թոշակ, իսկ վերջիններս էլ «որոշել» են նախարարի համար դղյակ կառուցել, քանի որ հանդերձյալ կյանքում փողը դեր չունի:

Արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Բագրատյանին՝  Աղվան Վարդանյանը ասաց. «15 տարի շարունակվող մանկատների մասին որոշ առանձնյակների շրջանառած թեման բացարձակ սուտ է և զրպարտություն, որի մասին ես ժամանակին խոսել եմ: Ի վերջո վերջին երեք տարիներին քրեական գործերով Աղվան Վարդանյանը չի անցնում, այլ ուրիշ մեկերը՝ դատարկ անարաժանապատիվ ապագա չունեցող մեկերը»:

«Հայաստան» դաշինքի մյուս պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հայտարարեց, որ Սերգեյ Բագրատյանը հանցագործության մասին հայտարարություն է արել և դատախազությունը պետք է գործ հարուցի և կարողանա ժխտել կամ հաստատել նրա հայտարարությունը: