Շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին անվանեց «փոքրիկ Արմեն Աշոտյան»։

Ի պատասխան՝ Մամիջանյանը հիշեցրեց, որ նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը ժամանակին Տնտեսագիտական համալսարանում հերթ էր կանգնել, որ սեղմեր Արմեն Աշոտյանի ձեռքը։«Մյուս անգամ ելույթ ունենալիս կարող եք անվանական խոսել, դա վախենալու չէ։ Ես վստահ եմ, որ դուք Հանրապետականի կրծքանշանն ու ձեր «դուխով» կեպկան մի կողմ պահել եք, որ ժամանակը գա նորից կրեք, բայց դա մենք ձեզ թույլ չենք տա»,- ասաց Մամիջանյանը, հավելելով․ «Լուսանկարները, թե դուք ինչ հպարտությամբ էիք կրում ՀՀԿ-ի զինանշանը, կան համացանցում», — ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա հարց ուղղեց Պապոյանին։

«Բա դուք ի՞նչ եք ուզում դառնալ, պարոն Պապոյան, մա՞րդ, որը հանձնել է մեր հայրենիքի 75 տոկոսը, մա՞րդ, որը հինգ հազար զոհի պատճառ է դարձել, ուզում եք դառնալ մա՞րդ, ով խախտել է մեր սահմանների անվտանգությունը, ուզում եք դառնալ մա՞րդ, ով մուրում է խաղաղություն. եթե դա եք ուզում դառնալ, որևէ խնդիր չկա», — ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։ Մամիջանյանը եզրափակելով խոսքն ասաց, որ երազախաբությունը բուժվով հիվանդություն է։