Գրիգորյան Վլադ Ալբերտի․ ծնվել է 1999 թ․ օգոստոսի 11-ին Սիսիանի Աղիտու գյուղում։ Հիմնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, ապա սովորել Սիսիանի պետական քոլեջում, մասնագիտությամբ շինարար էր։ 2018-2020 թթ․ ծառայել է ազգային բանակում՝ Արցախի Հանրապետության Վարանդայի շրջանում։

Վլադը 2020 թ․ հունվարին էր զորացրվել։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց մի քանի ամիս անց պայմանագրային ծառայության է անցել Նորավանի զորամասում։ Ընկերները պատմում են, որ չնայած շատ երիտասարդ տարիքին, Վլադը լուրջ նպատակներ ուներ, որոնց հասնելու միակ ճանապարհը նրա համար անխոնջ աշխատանքն էր։
2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ Վլադը միացավ Արցախ մեկնող ընկերներին։ Վլադի մասին 44-օրյա պատերազմում նրա կողքին մարտնչած ընկերը՝ Հայկն է պատմում․ «Սեպտեմբերի 29-ին ենք գնացել Արցախ, ամբողջ ընթացքում միասին էինք, Վլադն արագաշարժ, կատակասեր տղա էր, հեշտ ու արագ էր կողմնորոշվում։ Վլադի մասին միայն լավը կարող եմ ասել, ուզում եմ առանձնացնել նրա հայրենասիրությունն ու լավատեսությունը։ Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանն ավիացիոն հարձակման անցավ այն հատվածում, ուր մենք էինք։ Այս պատերազմն աննախադեպ էր զոհերի թվով․ զոհվեց նաեւ Վլադը, նա ծնողների միակ որդին էր, ծանր, շատ ծանր է վերհիշել այդ օրերը, ընկերներիս նահատակվելու ցավն անտանելի է»։
Վլադն ընտանիքի միակ արու զավակն էր, Վլադի նպատակներից մեկն էլ ամուր հայկական ընտանիք ստեղծելն ու մոր թոռներով շրջապատված լինելու փափագը կատարելն էր։ Ծնողները հիմա մենակ են, նրանց այս կյանքի հետ կապողը Վլադի լուսանկարներն ու նրանից մնացած ջերմ հիշողություններն են․ «Իմ բալան բոլորին հասնում էր, մեկին մի վատ բան չի արել, մեկի վատը չի ցանկացել, իմ մի հատիկն էր, իմ մինուճարն էր։ Նկարներին նայելով եմ ապրում, նկարներ շա՜տ-շա՜տ ունի․․․»,- հուսահատ հեկեկում է մայրը։
Վլադի աճյունը հողին է հանձնվել 2020 թ․ հոկտեմբերի 23-ին Սիսիանի զինվորական պանթեոնում։

syuniacyerkir.am