Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճած Մուսա Եվլոևին: Եզրափակիչում ռուս ըմբիշը 5:1 հաշվով հաղթել էր աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանին, որը Օլիմպիական խաղերի ոսկե ու բրոնզե մեդալներին գումարեց նաև արծաթե մեդալ:

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Տոկիոյում հաջողության համար: Դուք շատ եք աշխատել, որպեսզի հասնեք օլիմպիական չեմպիոնի կոչմանը:

Փորձառու ու անվանի մրցակցի դեմ եզրափակիչ գոտեմարտում դրսևորեցինք երկաթյա կամք, հղկված տեխնիկա, հաջողության հասնելու նպատակասլացություն: Այդ վստահ, փայլուն հաղթանակը հրաշալի նվեր է մեր մարզիչների ու մեր երկրում հունահռոմեական ըմբշամարտի բոլոր սիրահարների համար: Կեցցես: Շարունակիր նույն կերպ: Մաղթում եմ ձեզ նոր սպորտային նվաճումներ ու ամենաբարին»,- ասվում է Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակով, իսկ երկրորդ գոտեմարտում 5:1 հաշվով ուժեղ էր գտնվել ֆինն Արվի Սավոլայնենից: Կիսաեզրափակիչում նա 4։1 հաշվով հաղթել էր իրանցի Մոհամադհադի Սարավիին, որի դեմ գոտեմարտի վերջնամասում ստացել էր ոտքի մկանային վնասվածք: Մուսա Եվլոևի դեմ եզրափակիչի հենց մեկնարկում զգացվեց, որ գյումրեցի ըմբիշը նախորդ գոտեմարտում ստացած ձախ ոտքի մկանային վնասվածքից ցավի զգացում ունի։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտեց 1 արծաթե մեդալով: Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում և լքել պայքարը, իսկ Կարապետ Չալյանը (77 կգ) պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում: