Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը պարզաբանել է ֆեյսբուքյան իր էջում կատարած աղմկահարույց գրառումը։

Անվանի ըմբիշը գրել էր՝ «Աստծո դատաստանից չես խուսափի»,-գրել է նախկին մարզիկը և ավելացրել #Tokyo2020 #GrecoRomanWrestling հեշթեգերը:

Շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Ջուլֆալակյանի այս գրառումն անմիջապես ուղղված էր Կարապետ Չալյանին, որը 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովին։

Արսեն Ջուլֆալակյանն ավելի ուշ խմբագրել է գրառումն ու պարզաբանել՝

«Հաճախ ասում են՝ ինձ հասկանալը դժվար է. ես խոսում եմ արժեքներից, դուք՝ անձերից:
Այս անգամ ևս… Չհասակացա, թե ու՞մ ուղղորդմամբ և ինչու՞, գրառումս վերագրվեց ինչ որ կոնկրետ անձի: Այն ինչ, դա նորից վերաբերում էր արժեքներին: Իսկ արժեքը հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականն էր:

Այս թեմայով ասելիք այլևս չունեմ: Կարծում եմ՝ միտքս առավել քան պարզ է»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը։