ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարդում եմ առավոտյան լուրերը, և տպավորություն է ստեղծվում, որ որոշ ուժեր կամ մարդիկ չափազանց «մանթրաժ» են (մեջբերում եմ հոդվածների մեջ առկա որակավորումը՝ բառացի), որ ԲՀԿ-ն «մանթրաժ» չի, այլ հակառակը՝ նույնիսկ այս քաղաքական արձակուրդների շրջանում, բավական ակտիվ է։

Ես հասկանում եմ, որ ոմանք չեն կարողանում մարսել այն փաստը, որ ԲՀԿ-ն եղել է, կա և մնալու է հայկական քաղաքական դաշտի առանցքային և ամենախոշոր քաղաքական ուժերից մեկը։

Ախր, ո՞նց բացատրեմ այդ անհիմն հույսեր ունեցողներին, որ փորձելով գեներացնել ինչ-որ «մանթրաժային» տրամադրություններ, մեր վրա և մեր գործունեության վրա դա կունենա զրո ազդեցություն։ Ասեմ ավելին՝ ինչպես հայտարարել էինք անմիջապես ընտրություններից հետո, մեր գործողությունները առավել քան ակտիվ և շարունակական են լինելու և, ըստ էության, այդպես էլ կա։

Այդ իսկ պատճառով հորդորում եմ իրական «մանթրաժի» մեջ գտնվողներին՝ դադարել անկապ հույսեր փայփայել, որ կարող է ԲՀԿ-ն նվազեցնի իր քաղաքական ներկայությունը կամ ակտիվությունը։ Չգիտեմ, միգուցե այդ լուրը տարածողներին պետք է մի տեղ գնալ հանգստանալ, չլարվել, սառը ցնցուղ ընդունել․․․:

Բնականաբար, խոսքը լրատվականների մասին չէ, որոնք այդ «սենսացիոն լուրը» տարածեցին, այլ այն ուժերի, որոնք այդ, իբր, «կարևոր տեղեկությունը» մատուցում են լրատվականներին։

Լուրջ մարդիկ եք, ի վերջո, բավական է անիմաստ երազանքների մեջ տապակվեք, մարդկանց էլ անհարմար վիճակի մեջ գցեք։

Լավ եղեք»։