Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` կապված սահմանային բնակչության իրավունքների խախտումների հետ, հայտնում են նախագահականից։

Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների, բողոքների քննության արդյունքները, նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքներով շարունակաբար խախտում են Հայաստանի Հանրապետության սահմանային համայնքների բնակիչների իրավունքները: Փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հրահրում են հրաձգություններ, իսկ ՀՀ զինված ուժերը կատարում են բնակչության պաշտպանության գործառույթ:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից այդ խախտումների փաստերն արդեն իսկ ներկայացվել են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։