Պատերազմից մի քանի շաբաթ անց Ճարտարի Ա.Ավանեսյանի անվան թ.2 հիմնական դպրոցի տնօրենն ազատվեց աշխատանքից, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ուսումնական գծով տնօրենի տեղակալը (38 տարվա աշխատանքային ստաժով): Այն ժամանակ վարչակազմի ղեկավարի պաշտոնում Արարատ Մելքումյանն էր: Ըստ տեղեկության՝ պետք է 3 ամիս տնօրենի աշխատանքները կատարողը փորձաշրջան անցնի՝ հետո նշանակվի: Վարչակազմի ղեկավարը փոխվեց այդ ընթացքում: Տնօրենի նշանակում չեղավ, այլ նույն անձը շարունակեց կատարել և՛ տնօրենի պարտականությունները, և՛ փոխտնօրենի, այնինչ՝ մի օր տեղեկացրին, որ պետք է դիմում գրի և հրաժարվի տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոնից և միայն տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարի (սա՝ կապված հաստիքի և աշխատավարձի հետ): Ու շուրջ 7 ամիս ստանալով մեկ հաստիքի աշխատավարձ՝ նույն անձը կատարել է և՛ տնօրենի պարտականությունները, և՛ փոխտնօրենի:

Հիշեցնեմ, որ հետպատերազմական իրավիճակում սույն դպրոցի վիճակն աննկարագրելի էր, իսկ այդ ընթացքում տնօրենի ազատումն ու ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը եղավ հապճեպ: Ոչ ոք չկանգնեց դպրոցի վերականգնման ակունքներում, այլ նոր ուժերով տվյալ անձը կատարեց իր ուժերից ավելին: Հունիսի 7-ի կողմերը Մարտունու շրջվարչակազմը փորձ արեց դրսից մարդ բերել և տնօրեն նշանակել հանրակրթական դպրոցում, որը բարձրաձայնեցի և՛ ես, և՛ ուսուցչական կոլեկտիվը: Չեղարկվեց: Եկան, հանդիպեցին, լսեցին ուսուցիչներին… և այլն… Տնօրենի պաշտոնակատարը շարունակեց իր աշխատանքը (թե ինչ պարտաճանաչությամբ՝ կփաստեն հենց Մարտունու շրջվարչակազմում):

Այսօր վարչակազմից կանչում են տնօրենի պաշտոնակատարին (քանի որ արձակուրդն այսօր ավարտվում է) և տեղեկացնում, որ չի նշանակվելու տնօրեն, քանի որ իրեն տեսնում են փոխտնօրենի պաշտոնում (քանի որ գործին լավ է տիրապետում): Ես՝ որպես լրագրող, Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանին հարցրի՝ թերություններ ունե՞ր պաշտոնակատարն այս 7 ամսվա ընթացքում. ստացա «ոչ» պատասխանը: Հիմնական պատճառաբանություն չկար, զրուցակցիս խոսքով «այդ մարդու դեմ ոչինչ չունեն», ուղղակի երկար քննարկումներից հետո որոշել են, որ վերադառնա փոխտնօրենի պաշտոնին, քանի որ «նախընտրած» թեկնածու ունեն, իսկ ո՞վ է՝ չգիտեմ: Այստեղ հավելում կատարեմ, որ տնօրեն նշանակել իրավասու է շրջվարչակազմի ղեկավարը: Անկեղծ, հարգում եմ ռազմական փայլուն գիտելիքներ ունեցող, հայրենիքի նվիրյալ որդի Էդիկ Ավանեսյանին, որը այժմ ղեկավարում է Մարտունու շրջվարչակազմը: Բայց անընդունելի է նման որոշումը, որը ոչ միայն անտեսում է պաշտոնակատարի կատարած աշխատանքը, այլ անտեսում է կրթության ոլորտի նորմերը: Երբ գրում եմ «խնամի-ծանոթ-բարեկամ» գործընթացը շարունակվում և նոր թևեր է առնում, ինձ հակադարձում են որոշները, որպեսզի «ինչպես կա՝ այդպես էլ մնա», որովհետև անտարբերությունն ու աթոռի կռիվը այսօր գերզարգացած, բայց չգրանցված «գիտություն» է: Պետք է արդար մոտենալ ցանկացած որոշման՝ ցանկացած ոլորտում: Մենք ականատեսն ենք մի դեպքի, երբ զրոյացվում է ուսուցչի (առաջին հերթին այդ պաշտոնակատարն ուսուցիչ է: Իսկ ուսուցչին լավագույնս կարող է աշակերտը գնահատել) կատարածը: Ինձ մնում է ձեզ ներկայացնեմ այն, ինչ կա: Սա է իրականությունը, սրանք են ԽԾԲ-ի թևերը, և այո, հենց այսօրինակ դեպքերով է ոլորտը կորցնում իր լրջությունը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Արցախցի լրագրող