ՀՀ Կադաստրի պետական կոմիտեից հաստատել են Irakanum.am-ի տեղեկություններն այն մասին, որ Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանը հերթական անգամ ցանկանում է վերադառնալ հին պաշտոնին։

Մենք գրել էին, որ կադաստրի նախկին պաշտոնյան պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել այնպիսի չարաշահումներ, որոնք դասվում են պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների շարքում, խիստ պատիժ են նախատեսում, ընդհուպ մինչև առավելագույնը հինգ տարի ժամկետով զրկում են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Միաժամանակ տեղեկացրել էինք, որ Առաքելյանը վայելում է իշխանական անդամ, նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանի հովանավորչությունը և բացառապես այդ հանգամանքով է պայմանավորված, որ քրեորեն պատժելի արարք կատարած անձը հերթական անգամ ձգտում է պետական  պաշտոնի։

Irakanum.am-ը գրավոր հարցում էր ուղարկել կադաստրի կոմիտե՝ պարզելու համար, թե ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման պետի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում մասնակցելու հայտ ներկայացրե՞լ է նախկին պետ Արայիկ Առաքելյանը, որը, ըստ դատախազության 06․07․2021 թվականին տրամադրած պաշտոնական տեղեկատվության, հանցավոր է ճանաչվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ ՀՀ Շիրակի մարզի Ցողամարգ  և Մուսայելյան գյուղերին պատկանող հողատարածքները վարձակալության և ենթավարձակալության հանձնելու դեպքերի առթիվ հարուցված  երկու քրեական գործերով։ Մենք ՀՀ կադաստրի կոմիտեից նաև հետաքրքրվել էիք` եթե նա մասնակցում է մրցույթի, ապա ի՞նչ հիմքով են թույլատրել։

Կադաստրի պետական կոմիտեի գլխավոր քարտուղարությունից ի պատասխան մեր  հարցման տեղեկացրել են, որ Առաքելյանն իսկապես մրցույթին մասնակցողների ցանկում է։ Կադաստրից հղում են արել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի  14-րդ և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածներին պահանջներին։ Այսինքն «թղթերով» Առաքելյանի մոտ ամեն ինչ կարգին է։

Իսկ քրեական գործով անցնում է ոչ միայն Առաքելյանը, այլև՝ կինը։

Մասնավորապես նրա ընտանիքը Շիրակի մարզի գյուղական համայնքներից էժան գնով հողատարածքներ է վարձակալել և ավելի թանկ գնով վերավարձակալության հանձնել այլ իրավաբանական անձանց: Առաքելյանի կնոջ՝ Հ. Ալեքսանյանի առնչությամբ քննվում էին երկու քրեական գործեր: Այս տեղեկությունը հաստատել էին հենց  ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Գլխավոր Դատախազությունից մանրամասնել են, որ 2020 թվականի մայիսի 7-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` այն դեպքի առթիվ, որ Շիրակի մարզի Ցողամարգ համայնքի ղեկավարի կողմից 2006թ. օգոստոսի 9-ին համայնքային սեփականություն հանդիսացող 1.0 հեկտար անշարժ գույքի վարձակալության պայմանագիր է կնքվել Հ. Ալեքսանյանի հետ՝ տարեկան 2 հազար 40  ՀՀ դրամ գումար արժեքով, որից  հետո  այդ հողամասի 0.2  հեկտարը  2006թ. օգոստոսի 22-ին նշված վարձակալը ենթավարձակալության պայմանագրով, տարեկան 480.000 ՀՀ դրամով, հանձնել է հեռահաղորդակցության  օպերատոր  ՓԲ ընկերությանը՝ հեռահաղորդակցության կայան տեղադրելու և շահագործելու համար:

Դատախազությունից տեղեկացնում են, որ վարձակալության պայմանագիրը լուծվել է, և ընկերության հետ արդեն Սարապատ խոշորացված համայնքի կողմից կնքել է վարձակալության նոր պայմանագիր:

Ինչ  վերաբերում է մյուս քրգործին, ապա դատախազությունից այս առնչությամբ  հայտնել էին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` այն դեպքի առթիվ, որ ՀՀ  Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի նախկին ղեկավարը 2006թ. նոյեմբերի  6-ին Հ. Ալեքսանյանին  25  տարի  ժամկետով  վարձակալության  իրավունքով  տրամադրել  է  2.75 հա  ընդհանուր  մակերեսով հողատարածք՝ տարեկան 9 հազար 350 ՀՀ դրամ վարձավճարով: Գյուղապետարանի  հետ  վարձակալության  պայմանագիր կնքելուց 10 օր  անց Հ. Ալեքսանյանը նշված տարածքից 200մ2 մակերեսով հողատարածքը ենթավարձակալությամբ  120.000 ՀՀ դրամով հատկացրել  է մեկ այլ  բջջային օպերատորի: Դատախազությունն իր պաշտոնական տեղեկատվության մեջ նշել էր, որ այս ենթավարձակալության պայմանագիրը լուծված չէ:

Նկատենք, որ ըստ այս քրգործի, Ա․ Առաքելյանը Մուսայելյան համայնքի նախկին ղեկավար Օգսեն Հակոբյանին դրդել է պաշտոնական դիրքը չարաշահելու և իր կնոջը՝ Հերմինե Ալեքսանյանին վարձակալությամբ հողատարածք տրամադրելու։

Ոշագրավ է, որ  նա, լինելով Աշոցքի կադաստրի պետ, խախտել է Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին օրենքը, որով արգելվում են հարազատների անունով գրանցումները,  և հողատարածքները գրանցել է կնոջ անունով:

Կառավարությանը բացարձակապես չեն հետաքրքրում այս համակարգում գործող կոռուպցիոն մեխանիզմները․ թե ինչու է, օրինակ, Աշոցքի գյուղերում երիտասարդ տարիներին հովիվ աշխատած Արայիկ Առաքելյանն այդպես ձգտում վերադառնալ բարձրագույն ղեկավար պաշտոնի:

Ինչու է իշխանությունը, որ ընդդիմադիր գործունեության ժամանակ խիստ քննադատության ենթարկում նախկիններին այս կամ այն չարաշահման համար պատասխանատվության չենթարկելու իր  մտերիմներին ու կուսակիցներին, և հիմա կրկնում նույնը,  ունի իր «բացատրությունը»։ Արայիկ Առաքելյանը պարզապես համալրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը, դառնալով երբեմնի պատգամավորի «դրածոն»։ Առաքելյանն ըստ էության ամենաճիշտն է հասկացել Փաշինյանի «ապագա կա ապագա» կարգախոսը և իրեն  արագ «տեղավորել» է  այդ ապագայում։ Մնում է միայն նրա վերադարձին կրկնվի նույն սցենարն ու հնչի «ծափ տվեք, արա․․․» հրահանգը։

Irakanum.am