Սյունիքի մարզի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Շատ ուժեղ ինժեներական աշխատանքներ են կատարում, ավելացել է մարդկանց թիվը, տեխնիկայի քանակը։ Մինչև վերջին մեկ շաբաթն էլ էին աշխատանքներ անում, բայց հիմա են առավել ակտիվ, ավտոմեքենաների, տեխնիկայի շարժն է շատ ակտիվ։ Գյուղից հեռավորությունը 300-600 մետր է, ինչի արդյունքում էլ այդ աշխատանքները տեսանելի են գյուղաբնակներին»,-ասաց Հովսեփյանը՝ նշելով, թե հստակ չէ՝ կոնկրետ ինչ աշխատանքներ են իրականացվում։

Հարցին՝ արդյո՞ք այդ աշխատանքները ադրբեջանցիները միայն իրենց տարածքում են կատարում, Հովսեփյանն ընդգծեց այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի ավարտից ու Քարվաճառի հանձնումից հետո GPS համակարգով չափագրումների հետևանքով ադրբեջանական կողմին է անցել նաև արավուսցիներին պատկանող շուրջ 64 հեկտար հողատարածք՝ արտեր ու արոտավայրեր, որոնց մի մասում էլ այժմ ադրբեջանական դիրքերն են։

«Մեր բերքը՝ ցորենը, գարին փչացավ, չեն թողնում՝ հնձենք։ Գյուղացիներին պետությունը պետք է ցորեն, վառելիք տա, որ գոնե մնացած հողերը մշակել կարողանան։ Գյուղացիները արոտավայր չունենալու պատճառով ստիպված են եղել վաճառել խոշոր եղջերավոր անասունների շուրջ 80 տոկոսը»,-ասաց նա։