Երեկ փոխվարչապետի պաշտոնը լքած Տիգրան Ավինյանը «հրաժեշտի» գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում։ 2018-ի հայտնի իրադարձություններով շարքային ավագանուց միանգամից փոխվարչապետի աթոռին հայտնված Ավինյանը գրառմամբ տեղեկացրել էր․ «Ընտրական գործընթացի մեկնարկին որոշեցի կենտրոնանալ պաշտոնական պարտականությունների կատարման վրա՝ զերծ մնալով նախընտրական պայքարին մասնակցելուց: Այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով:

Մեր պայքարը հիմնված է ժողովրդավարության, ազատության, կոռուպցիայի բացառման սկզբունքների վրա: Այդ համատեքստում մեր պետության զարգացման այս փուլի առաջնահերթություն ենք դիտարկում ժողովրդավարության հաստատումն ու ամրապնդումը (ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ) և կոռուպցիայի բացառումը (անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ): Այս շարքում հիմնարար սկզբունք է նաև բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից։ Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր, և մենք որևէ ձևով չէինք շեղվում դրանից»:

Տիգրան Ավինյանը ճիշտ է Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ցուցակը կազմելիս այդ սկզբունքը ոչ միայն չի պահպանել, այլև խոշոր գործարարներին տեղավորել է իր ցուցակում, ովքեր այսօր արդեն ԱԺ պատգամավորն են։ Խոսքն առնվազն երկու հոգու մասին է՝ Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյանը։

Ակնհայտ է, որ Ավինյանի գրառման իրական հասցեատերը նրանք են։ Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը որոշեց Սուքիասյանին տեղավորել ՔՊ ցուցակի 5-րդ հորիզոնականում, երբ այդ «պատվավոր» հորիզոնականում առնվազն Ավինյանը պետք է լիներ։

Ի՞նչ է անելու Ավինյանը հետագայում։ Մամուլի հրապարակումների համաձայն նախկին փոխվարչապետի քաղաքական կարերիան չի ավարտվում և նա լինելու է իշխանության Երևանի քաղաքապետի թեկնածուն։

Irakanum.am