Հայաստանի Կառավարությունն ամբողջությամբ ձևավորված է։ Երեկ Արմեն Սարգսյանի ստորագրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ Ապա Փաշինյանը նախարարներ նշանակելու առաջարկությամբ հանդես եկավ։ Irakanum.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Արմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ Պաշտպանության նախարար, ազատվելով պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Նարեկ Մկրտչյանը, ով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարն էր վերանշանակվեց այդ պաշտոնում։ Նախարարական պորտֆելը պահպանեց նաև Ռոմանոս Պետրոսյանը՝ Փաշինյանի առաջարկությամբ և Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվելով Շրջակա միջավայրի նախարար։

Հայաստանն ունի նոր փոխվարչապետ։ Խոսքը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի աշխատած Սուրեն Պապիկյանի մասին է։ Մյուս փոխվարչապետը Մհեր Գրիգորյանն է։ Նա գործադիրում պահպանեց իր պաշտոնը։ Տիգրան Ավինյանը հեռանում է փոխվարչապետի պաշտոնից։ Վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ուներ որոշակի անհամաձայնություններ «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի հետ կապված։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պահպանում է նախարարական պորտֆելը։ Վահան Քերոբյանը ևս կշարունակի ղեկավարել Էկոնոմիկայի նախարարությունը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն էլ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նշանակվել է այդ պաշտոնում։ Տարածքային կառավարման և ենթակառոըւցվածքների նախարար էլ նշանակվել է Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի նախկին մարզպետը։

Արտակարգ իրավիճակների նախարարի փոփոխություն ևս տեղի չի ունեցել։ Անդրանիկ Փիլոյանը կշարունակի ղեկավարել այդ գերատեսչությունը։

Փաշինյանն ամեն դեպքում իր կաբինետի կազմում փոփոխություններ իրականացրել է։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն այդ պաշտոնում չի վերանշանակվի։ Նրան կփոխարինի նախկինների օրոք աշխատած Տիգրան Խաչատրյանը։ Ռուստամ Բադասյանը, ով Արդարադատության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում և այս օրերին արձակուրդում էր գտնվում, երեկ Փաշինյանի որոշմամբ արձակուրդից հետ էր կանչվել, բայց նախարար չի նշանակվի։ Բադասյանին այդ գերատեսչությունում կփոխարինի նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը։

Նախագահականում վարչապետից դեռ առաջարկ չեն ստացել ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու վերաբերյալ։

Irakanum.am