Մենք ամեն ինչ անելու ենք մեր սահմանները պաշտպանելու համար: Այս մասին ասել է Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացվելիս:

«Պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ: Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները և չենք վերաբերվում դրանց որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում հակառակորդի ոտնձգություններից խաղաղություն ապահովենք, մենք ամեն ինչ անելու ենք մեր սահմանները պաշտպանելու և արդեն նախաձեռնված ներդրումների և բարեփոխումների շնորհիվ հայկական բանակի ռեսուրսները վերականգնելու համար, որպեսզի ՀՀ ԶՈՒ-ն կարողանա լինել տարածաշրջանում իր համբավն ունեցող, հզոր բանակներից մեկը: Շնորհակալություն վստահության համար, մեզ բոլորիս ցանկանում եմ այդ գործում հաջողություն: Աստված մեզ պահապան»,- ասել է Կարապետյանը:

Իր հերթին, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ ունենք ռազմաքաղաքական իրավիճակ, որը պարտադրում է մեզ ունենալ մարտունակ բանակ: «Կարևորագույն խնդիրն է այսօր՝ ավարտին հասցնել մեր բարեփոխումները: Դա է այն երաշխիքը, որ կապահովի մեր պետության անվտանգությունը: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ ծառայության համար և մաղթել բարի ծառայություն: Ես մնում եմ ձեր շարքերում»,- ասել է նա:

Ամփոփելով հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աստված մեզ ուժ ու կամք տա, որպեսզի մենք մեր ժողովրդի, մեր պետական ազգային նպատակներն իրագործենք»: