Ես որևէ առնչություն չունեմ հայրիկիս՝ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու հետ։ Որևէ առնչություն չունեմ և չեմ կարող ունենալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իրենց ընտանիքի առաջխաղացումը՝ հորը՝ Սուրեն Բաղդասարյանին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելը և այս տարիների ընթացքում իր՝ Գևորգ Բաղդասարյանի առաջխաղացումը։

Հարցին՝ արդյո՞ք այդ առաջխաղացումների հիմքում ընկած է դատախազի էնտուզիազմը, նվիրումը դատական գործընթացներին, որոնք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար խիստ էական են (մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահին առնչվող գործով), Բաղդասարյանն արձագանքեց, թե ինքն էնտուզիազմ և նվիրում ունի իր աշխատանքի նկատմամբ, նույն էնտուզիազմով ներկայացել է բոլոր դատական նիստերին։

«Եթե որևէ մեկը կարող է նայել աչքերիս մեջ և հերքել, ցանկացածը, որն առնչվել է իմ աշխատանքի հետ, առաջարկում եմ՝ հրապարակային հայտարարություն անի։ Ես ամենաերկարն աշխատել եմ որպես Երևան քաղաքի դատախազ, հետևաբար, մեկնաբանությունները, թե սույն գործով ներգրավվելուց հետո է առաջխաղացում եղել, ճիշտ չէ»,-ասաց նա։

Անդրադառնալով Սուրեն Բաղդասարյանի՝ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ հարցին, Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ տրամաբանությունից դուրս է, որ գլխավոր դատախազի տեղակալը որևէ ազդեցություն կարող է ունենալ դատարանի նախագահի ընտրության հարցում, որովհետև դատարանի նախագահ ընտրվում է ԲԴԽ-ի կողմից, և ինքը որևէ կապ ունենալ չի կարող։