Արտառոց վիճակում ենք, չի եղել ԱԺ այսպիսի գումարում, որ սկսենք, երբ երկու պատգամավոր գործընկերներ գտնվում են կալանքի տակ, ազատությունից զրկված, իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին, լիարժեք իրականացնել իրենց լիազորությունները։ Այս մասին ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամներ Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի՝ կալանքի տակ գտնվելուն։

«Եթե մենք համարում ենք, որ ոչինչ չի եղել, այսպես հանգիստ կարելի է սկսել, անցնել օրակարգին ու անտեսել այս ամենը, ապա այս սկզբով մենք լավ տեղ չենք հասնի։ Մենք իրավունք չունենք կանոնակարգի կոպիտ ոտնահարմամբ, խախտումով գնալ առաջ։ Մեր աչքի առաջ ամենաթողություն է տեղի ունեցել։ Անձեռնմխելիությունը շրջանցելով, ԱԺ-ն անտեսելով՝ մեր երկու պատգամավորները գտնվում  են կալանքի տակ։ Սա ոչ միայն ոտնձգություն է այդ պատգամավորների լիազորությունների նկատմամբ, այլև անարգանք է ԱԺ-ի նկատմամբ»,-հայտարարեց նա։

Ռուստամյանն ընդգծեց՝ ԱԺ մարմինները, ղեկավարությունը այսօր պետք է ձևավորվի, և այդ պատգամավորները ոչ ընտրելու, ոչ ընտրվելու իրավունք այսօր չեն ունենա, եթե ներկա չլինեն ԱԺ դահլիճում։