Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրի քաղաքացիներին անհրաժեշտ է խնայել էլեկտրաէներգիան, հատկապես պիկ ժամերին՝ 1987 թվականից ի վեր ռեկորդային դարձած շոգի պատճառով: Նման կոչով նա հանդես է եկել բնապահպանության եւ էներգետիկայի նախարարության ղեկավարության, էներգետիկ ընկերությունների ղեկավարների եւ էներգետիկայի ոլորտի կարգավորչի (RAE) հետ էներգետիկայի վերահսկողության ազգային կենտրոնում արտակարգ խորհրդակցությունից հետո:

Հունաստանում վերջին շաբաթվա ընթացքում ծայրահեղ շոգ եղանակ է գրանցվել։ Երկրի շատ շրջաններում ջերմաստիճանը հասնում է 44-47 աստիճանի ըստ Ցելսիուսի, եւ այդ ժամանակահատվածը, օդերեւութաբանների գնահատմամբ, կարող է տեւել շուրջ 12 օր: Խորհրդակցության թեման եղել է այն միջոցների ուսումնասիրությունը, որոնք արդեն ընդունվել են երկրի էներգահամակարգի ադեկվատ աշխատանքն ապահովելու համար, ինչպես նաեւ արտակարգ բարձր ջերմաստիճանի պատճառով խնդիրների առաջացման դեպքում արձագանքման ծրագրերի քննարկումը: «Մենք բախվել ենք 1987 թվականից ի վեր շոգի ուժեղագույն ալիքին։ Ինչպես տեսնում եք, դա հանգեցրել է [էներգետիկ] համակարգի զգալի ծանրաբեռնվածության, քանի որ պահանջարկը կտրուկ աճել է։ Ես ուզում եմ հավաստիացնել բոլոր բնակիչներին, որ այն ամենը, ինչ հնարավոր էր անել երկրի էլեկտրամատակարարումն ապահովելու համար, արվել է», — ասել է Միցոտակիսը։

Ըստ այդմ, նա դիմել է սպառողներին՝ խնդրելով «հնարավորինս նվազեցնել պահանջարկը, հատկապես պիկ ժամերին»։ Կառավարության ղեկավարը նշել է, որ էներգետիկ ընկերություններն ամեն օր հսկայական ջանքեր են գործադրում անսարքությունները և համակարգի գերծանրաբեռնվածությունը վերացնելու համար, քանի որ էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառումը օրեցօր ավելանում է: «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովենք երկրի, տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների անվտանգ էլեկտրամատակարարումը», — վստահեցրել է Միցոտակիսը: