8-րդ գումարման Ազգային Ժողովի անդրանիկ նիստը մեկնարկելու էր առավոտյան ժամը 10։00-ին։ Նիստից ժամեր առաջ արդեն իշխանությունը ոստիկանական ուժեր էր տեղակայել խորհրդարանի ամբողջ երկայնքով։ Կարմիր բերետավորներից մինչեւ նորեկ պարեկներ, բոլոր- բոլորին բերել և շարել էին Ազգային Ժողովի Դեմիրճյան և Բաղրամյան հատվածում։ Այդ հատվածից էին ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները ներս մտնելու։ Թե ումից էր ոստիկանությունը պահպանում խորհրդարանի շենքը այդպես էլ որեւէ մեկը չպարզաբանեց։

Ներսում իրավիճակը նույն էր, միայն թե ոստիկանների փոխարեն ուժեղացված ծառայություն էին իրականացնում անվտանգության աշխատակիցները։ Ի դեպ նրանք մեծաթիվ կազմով հավաքվել էին հատկապես այն հատվածում, որտեղից ելումուտ էին անելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Այդտեղ արդեն լրագրողների տեղաշաժն արգելված էր։ Երբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ, գործին «խառնվեց» անվտագության պետը, առանց ներկայանալու, հայտարարեց՝ ռեժիմ է փոխվել։

Թե երբ, ինչպես և ինչու փոխվեց ռեժիմը խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներին որեւէ մեկը չպարզաբանեց։ Հարցերի չպատասխանեց նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշոնակատար Աննա Գրիգորյանը։ Վերջինս իհարկե պարբերաբար ազատորեն շրջում էր Ազգային Ժողովի տարածքով, մոտենում անվտանգության աշխատակիցներին,  թաքուն հրահանգներ իջեցնում և հեռանում։

Ժամանակին մամուլի ազատությունից խոսող, մեծամասամբ լրագրողների աջակցությամբ իշխանության եկածները, որոնք կհիշեք խորհրդարանի բակի դռներն էին բացել ՀՀ հպարտ քաղաքացիների առաջ, որն իհարկե նույն արագությամբ էլ փակեցին, այսօր արդեն նույն այդ դռները փակել են չորրորդ իշխանության ներկայացուցիչների առաջ։

Տեղի ունեցածն ու ունեցողը խայտառակություն է։ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հայտարարած իշխանությունը ամեն վարկյան հեռանում է իր իսկ հռչակած չափորոշիչներից։

Irakanum.am