8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը շարունակվում է: ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Ալեն Սիմոնյանի, «Հայաստան» խմբակցությունը՝ Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանի թեկնածությունները: Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Մխիթար Զաքարյանին ու «Հայաստան» խմբակցության 12 պատգամավոր հերթագրվեց՝ Մինասյանին մեկ անձից գնումների, Սյունիքը անջատելու, իշխող ուժի խախտումների մասին հարցեր ուղղելու համար: Ընդդիմադիրներն ընդգծեցին, որ մեր սահմաններն անպաշտպան են, բայց կարմիր բերետավորները շրջափակել են ԱԺ շենքը, չգիտես ինչից են այդքան վախենում ու պաշտպանվում ու ուժեղացնում սեփական անձնական անվտանգությունը:

Արծվիկ Մինասյանն ասաց. «Կա՛մ իշխանությունը քաջ գիտակցում է իր մեղքերը , բայց դեռ պատրաստ չէ ապաշխարելու, կա՛մ փորձում է էլ ավելի խրվել մեղքերի մեջ, որի պատիժը բնականաբար լինելու է շատ ավելի խիստ: Այս երեւույթի դեմն առնելու համար մենք պետք է քաղաքացիների հետ միասին քայլերը կառուցենք այնպես, որ բռնենք այս հանցագործ ձեռքը ու կանգնեցնենք, թույլ չտանք, որ մեր հայրենիքի պաշտպանը հայտնվի բանտում, հայրենիքը հանձնողը հայտնվի որոշման կայացման տեղում»: