Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվեց ԱԺ նախագահի պաշտոնում։

Ալեն Սիմոնյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ԱԺ 7-րդ գումարման իր գործընկերներին։

«Հպարտանում եմ ձեզանից յուրաքանչյուրով։ Շնորհակալ եմ, որ պինդ մնացիք, հավատարիմ մնացիք ձեր սկզբունքներին, թիմին և մեր երկրին։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ հպարտ, ուժեղ և իմաստուն ժողովրդին, որ այս բարդ ժամանակաշրջանում հերթական անգամ ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորեց ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ն։ Ընտրությունների անցկացման բարձր որակը փաստեցին բոլոր միջազգային դիտորդական կազմակերպությունները, հետագայում նաև ՍԴ-ն հաստատեց դրանց արդյունքները»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ շնորհավորելով նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին խորհրդարան անցնելու կապակցությամբ։

Ալեն Սիմոնյանը ընդգծեց՝ ատելությունը, թշնամանքը, վիրավորանքը պետք է դուրս մղվեն ԱԺ շենքից, քանի որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիներն ընտրատեղամաս չեն գնացել, որ խորհդարանում ատելության խոսք տարածեն։

«Բոլորիդ խնդրում եմ և հորդորում, որ անկախ այսօրվա քվեարկություններում գրանցված արդյունքներից վերափոխվենք»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա ասաց, որ բազմաթիվ անելիքներ կան ու հրամայականը մեկն է՝ միասնաբար ծառայացնել ուժերը երկրի անվտանգության ապահովման համար։

Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ պատրաստ է ու բաց յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց՝ ի նպաստ պետության ու ժողովրդի։

«Ես պատրաստ եմ մոռանալ փոքր տարաձայնությունները, ես ունեմ ձեզանից յուրաքանչյուրի աջակցության ու խորհրդի կարիքը», — ասաց նա։

ԱԺ նախագահի թեկնածուն ասաց՝ պետք է անցնել գործի, որովհետև Հայաստանում ու Արցախում կա ապագա։

Ապա ԱԺ նիստը նախագահող Կնյազ Հասանովը հայտարարեց, որ ԱԺ հաշվեքննիչ հանձնախմբի առաջին նիստի արդյունքում հանձնախմբի նախագահ է ընտրվել Նարեկ Բաբայանը, քարտուղար՝ Քրիստինե Պողոսյանը։

Նարեկ Բաբայանը ներկայացրեց ԱԺ նախագահի ընտրության կարգը։

«Հաշվիչ հանձնախմբի նիստի արձանագրության համաձայն՝ ԱԺ նախագահի ընտրությունն առաջարկվել է անցկացնել ժամը 16։30-ին՝ 45 րոպե տևողությամբ մինչև 17։15»,-նշեց Նարեկ Բաբայանը։