Հայանպաստ դիրքորոշումներով հայտնի կոնգրեսական Ադամ Շիֆը Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը հաղթանակ է համարում։ Միեւնույն ժամանակ, նա ընդգծում է, որ այն դեռ պետք է արժանանա Սենատի եւ երկրի նախագահի հավանությանը։ Խոսելով հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի մասին` կոնգրեսականը հատուկ ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մեծացումն ու կարեւորում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը:

«Իմ կարծիքով, չպետք է ֆինանսավորել մի երկիր, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են, եւ որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Բացի այդ, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի արդյունքում սահմանում մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել, ցավոք վերջին օրերին եղել են նաեւ զոհեր»։

Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը դեռ մի քանի փուլեր պետք է անցնի: Կոնգրեսականը նկատում է, որ Սենատի եվ նախագահի կողմից հավանության արժանանալու դեպքում այն կարող է հետագա տարիների ընթացքում եվս պահպանվել ։ Հարկ է նշել, որ ընդունված վերջին օրինագիծը վերաբերում է գալիք բյուջետային տարվա ֆինանսավորմանը։

«Հուսանք` այն Սենատում եւս հաջողություն կունենա: Որպես կանոն մենք անցած տարիների ընթացքում տեսել ենք, որ նմանօրինակ նախագծերը չեն արժանանում Սենատի հավանությանը, բայց մենք պետք է պայքարենք նույն բովանդակությամբ օրինագիծը վերջնական հաջողության հասցնելու համար։ Այս բովանակդությամբ սա առաջին օրինագիծն է, որն արժանանում է Ներկայացուցիչների պալատի հավանությանը»։

Խոսելով տարածաշրջանային զարգացումների եւ հայ ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի համատեքստում Ռուսաստանի ունեցած դերի մասին, կոնգրեսականն ընդգծում է ։

«Ռուսաստանը միշտ նայելու է իր շահերին: Եթե վերջինիս պետք է հրադադար եւ դա բխում է իր հետաքրքրություններից, ուրեմն կլինի հրադադար, եթե պետք է սառեցված պահել հակամատությունը, վստահ եղեք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք հաջողոթյունների չի հասնի։ Կարծում եմ` կարելի է Ռուսաստանին վստահել միայն այն դեպքում, երբ իրենց հետաքրքրությունների շրջանակում է տվյալ իրավիճակը, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ Հայաստանը կախվածություն ունի Ռուսաստանից, այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ, որ հզորացնենք հայ-ամերիկյան հարաբերությունները , որպեսզի Հայաստանը առավել անկախ դառնա ինչպես տնտեսապես, այնպես էլ` անվտանգության տեսանկյունից»:

Պետքարտուղար Բլինքենի եւ ԱՄՆ-ի նախագահին կից ազգային անվտանգության հարցերով խորհրդականին կոնգրեսականը ներկայացրել է իր մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի ունեցած դերակատարության ակտիվացման վերաբերյալ: Ըստ նրա, Մինսկի խումբը պետք է իր հստակ ասելիքն ունենա ստեղծված իրավիճակի վերաբերյալ` առաջարկելով գործնական լուծումներ բոլոր կողմերին:

«Այդ տարածաշրջանում պետք է վերջնական խաղաղություն հաստատվի, եւ այստեղ Մինսկի խումբը պետք է ունենա իր կարեւոր դերակատարությունը: Պատերազմից հետո դեռ մարդասիրական ճգնաժամը չի վերացել, մարդիկ պետք է անվտանգության երաշխիքներ ունենան իրենց բնակարաններ վերադառնալու համար։ Մենք խիստ մտահոգ ենք վերջին օրերի սահմանային լարվածության դեպքերով: Այս հակամարտությունը պետք է վերջնական լուծում ստանա»:

Կոնգրեսական Ադամ Շիֆը նշում է, որ շարունակելու է աջակցել հայանպաստ բոլոր նախաձեռնությունները` այդ համատեքստում հատուկ ընդգծելով իր աջակցությամբ վերջերս դաշնային կառավարության կողմից հայ-ամերիկյան թանգարանի շինարարության համար տրամադրված շուրջ 1 միլիոն դոլարը։