ՀՀ կառավարության որոշմամբ դադարեցվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը, այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ պաշտոնական էջից:

Համաձայն որոշման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարը պետք է երկամսյա ժամկետում ապահովի մասնաճյուղի՝ օրենքով սահմանված կարգով գործունեության դադարեցման գործընթացը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ կառավարության որոշման անհրաժեշտությունը բխում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեության հետագա անհնարինությւնից: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ ապահովելու համար՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա և համապատասխան մասնագետների վարձատրություն:

Մասնաճյուղի հիմնական ֆինանսական կայունությունն ապահովվել է պետպատվերի շրջանակում ֆինանսավորման հաշվին. 2013-2014 ուստարում մասնաճյուղում սովորել է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող՝ 20 և վճարովի հիմունքներով՝ 5 ուսանող, 2017-2018 ուստարում մասնաճյուղն ավարտել է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող 9 ուսանող, իսկ 2018-2019 ուստարում անվճար՝ 4 և վճարովի հիմունքներով սովորող՝ 5 ուսանող:

Մասնաճյուղը բակալավրի աստիճանի կրթական ծառայություններ է մատուցել «Թատերական արվեստ» մասնագիտության «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով (լիցենզիայով նախատեսված է 1-4 կուրսերի համար՝ 9-ական սահմանային տեղ):

Վերջին երկու ուսումնական տարում մասնաճյուղում ընդունելություն չի իրականացվել:

Ներկայում այնտեղ սովորում է չորս ուսանող, որոնցից երեքն ավարտական կուրսում են:

Դասավանդումն իրականացվել է հիմնականում Երևանից հրավիրված պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 547-Ն որոշմամբ: