Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Վերաքննիչի այս որոշումը պաշտպանական կողմը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում, հարկ եղած դեպքում՝ գանգատ կներկայացնեն  ՄԻԵԴ։

Նշենք, որ Փարամազյանի պաշտպանները ներկա չեն գտնվել կալանավորման որոշման դեմ բողոքի քննությանը, ինչի մասին նրանք հայտարարել էին նախապես՝ կասկածի տակ դնելով դատավոր Արմեն Դանիելյանի անաչառությունը։ Նախօրեին պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին, սակայն այն մերժվել էր։

Հիշեցնենք՝ հուլիսի 8-ին Քաջարանի քաղաքապետի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, ինչից հետո՝ ժամը 11։15-ի սահմաններում, Փարամազյանին բերման են ենթարկել Երևան՝ ԱԱԾ, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ներկայացվել արդեն հուլիսի 9-ին՝ ժամը 01։24-ին, երբ կազմվել է ձերբակալման արձանագրությունը։

Հուլիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով: