Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքուն ՀՀ-ից դեռ պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկների և պետական ​​սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ, այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքով ԱԺ պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանի իշխանությունները սահմանների դեմարկացիայի մասին խոսել են, բայց Ադրբեջանի առաջարկի՝ խաղաղության պայմանագիր կնքելու մասին ոչինչ չեն ասում: Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում, դա նրանից հեռու չէ, սակայն եթե ՀՀ իշխանությունների սեղանին ինչ-որ առաջարկ է դրված՝ կարևոր չէ միջնորդների, թե ուղիղ Ադրբեջանի կողմից, ապա դրա մասին պետք է բարձրաձայնեն: Եթե նման առաջարկ չի եղել, չի քննարկվել, ապա դա պետք է հերքվեր»,-նշել է Աբրահամյանը։

Նա նշել է, թե այս թեման կարևոր է նաև այլ տեսանկյունից:

«Բաքվից հնչող հայտարարություններն անուղղակի ձևով ցույց են տալիս, որ սահմանային լարվածությամբ ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ ստանալու իրենց համար ցանկալի փաստաթուղթ:

Իսկ թե ինչ բովանդակություն ունի այդ փաստաթուղթը, կարելի է միայն ենթադրել, բայց այն, որ դրա ստորագրումը Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունի, հստակ է նրանց նկատելի շահագրգռվածությունից ու դրան հասնելու ջանքերից»,-հավելել է Աբրահամյանը։