Այսօր՝ հուլիսի 27-ին, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել  Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com:

Ժամը 18:30-ի  սահմաններում դանակով զինված տղամարդը մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան  82 հասցեում գործող  «Թոթլ կերային հավելումներ,  համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և  այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում  ոստիկանության Էջմիածնի  բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներից մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մենակ էն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ եկան, իսկ մինչ այդ էլ  խանութի աշխատակցուհի Էսլենդային  մարմնական վնասվածքներվ  էջմիածնի հիվանդանոցի բժիշկների կողմից օպերատիվորեն տեղափոխեցին Էջմիածնի հիվանդանոց, որից հետո ոստիկաններն ու քննիչները տարածքը լենտերով փակեցին,  բայց իմացանք,  որ ներսում, երբ ճիվաղը  հարձակվել է վաճառողուհու վրա, նա դիմադրություն է ցուցաբերել ու մարմնական վնասվածքներ է ստացել»:

Ներսում ոստիկաններն ու քննիչները  հայտնաբերել են արնանման հետքեր, գետնին թափված դրամներ՝ մեծ մասը արյունոտ, կոտրված դանակի շեղբ: Հանցագործը այնուամենայնիվ կարողացել է հափշտակել խոշոր չափի գումար: Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կազմում է  2-3 մլն դրամ: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված կինը տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական  կենտրոն: