Ամերիկայի Միացյալ Նահանգներում հուլիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը հրաձգությունների 915 միջադեպ է արձանագրել, ինչը նշանակում է՝ ԱՄՆ-ում զենքի կիրառման հետ կապված հանցագործությունները տեղի են ունեցել յուրաքանչյուր 12 րոպեն մեկ: Gun Violence Archive կազմակերպությանը հղումով հայտնում է ABC News հեռուստաալիքը։

«Մեկ շաբաթում այդ միջադեպերի հետևանքով զոհվել է առնվազն 430 մարդ, վիրավորվել է 1 007 մարդ», — հաղորդում է Gun Violence Archive-ը:

Նշվում է, որ 2020 թվականին հրազենային վնասվածքների հետևանքով ԱՄՆ-ում 43 հազար մարդ Է զոհվել, մինչդեռ 2021 թվականի առաջին կիսամյակում հրաձգության պատճառով ավելի քան 25 հազար մահվան ելքեր են գրանցվել։

Gun Violence Archive-ում ընդգծում են, որ հրաձգության հետ կապված հանցագործությունների և միջադեպերի ընդհանուր թիվն այս տարի սրընթաց աճել է։ Ընդ որում, կազմակերպության գնահատումների համաձայն, միայն անցյալ տարվա ընթացքում ԱՄՆ-ի բնակիչները ռեկորդային քանակությամբ հրազեն են գնել։

«2020 թվականի մարտից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում երկրում հինգ միլիոն մարդ ձեռք է բերել իր առաջին ատրճանակը: Հատկապես ակտիվ գնորդներ են դարձել սևամորթ ամերիկացիները․ նրանց շարքերում զենքի տերերի թիվն աճել է 58,2 տոկոսով»,- հայտնել են կազմակերպության ներկայացուցիչները: