ԵԽԽՎ–ն Հայաստանի ու Ադրբեջանի հարցով զեկույցը կհրապարակի սեպտեմբերին։

 Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը։
Հրապարակված տեղեկության համաձայն`«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետեւանքները» զեկույցի համար տեղեկատվություն հավաքելու նպատակով հուլիսի 26-28-ը Ադրբեջան կայցելի ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանը։
Նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակի ու խորհրդարանականների, ինչպես նաև հակամարտության հումանիտար հետևանքներով զբաղվող տարբեր նախարարությունների ներկայացուցիչների հետ:
Պաշտոնական հաղրդագրության մեջ նշվում է, որ նա «հնարավորություն կունենա շփվել տեղահանված անձանց հետ, ինչպես նաև հանդիպել Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»:
ԵԽԽՎ–ում հուսով են, որ Գավանը Բաքու կատարելիք այցի ընթացքում կկարողանա նաև գնահատել միջազգային կազմակերպությունների դերը, որոնք աշխատում են այդ հարցի շուրջ Ադրբեջանում, այդ թվում Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի, ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի դերակատարությունը հումանիտար խնդիրների լուծման հարցում։