Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը։ Այս մասին նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։ Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում», – ասել է դեսպանը։

Ֆրանսիայի դեսպանի խոսքով, այս հակամարտության արդյունքում մի շարք հարցեր բաց են մնացել։ Ռազմագերիները, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում։ Մի քանի հարյուր կիլոմետրանոց նոր սահմանը, որն այսուհետ գոյություն ունի երկու երկրների միջև։ Եվ ընդհանուր առմամբ բուն Ղարաբաղի հարցը։ Տեսնում ենք, որ այս հարցերը լուծված չեն։ Ուստի, կողմնակից ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվի քաղաքական գործընթաց։ Մի գործընթաց, որը Մինսկի խմբի համանախագահները կոչված են ուղեկցելու։ Հայաստանի և տարածաշրջանի համար անվտանգության լավագույն երաշխիքն այս տարբեր կետերի բանակցային ճանապարհով լուծումն է։ Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հարցերի շուրջ խոսելու համար բոլոր կողմերի կողմից ճանաչված միակ մարմինն է։