Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ ՀՀ քրեական օ­րենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար Ս. Ղ.-ին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ նա 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում Վանաձոր քաղաքի թիվ 23/29 ընտրատեղամասում իր անձնագրով ժամը 12:08-ին քվեարկել է, ապա նույն օրը` ժամը 19:53-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին փորձել է նույն անձնագրով գրանցվել քվեարկության համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել` ընտրողների գրանցման սարքավորման կողմից կրկնակի գրանցման փորձն արձանագրելու պատճառով:

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, 23․07․2021 թվականին նշված քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և այն, ըստ էության, քննելու համար ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։