Ուհանի Կենսաբանական անվտանգության ազգային լաբորատորիայի տնօրեն Յուան Չժիմինն ասել է, որ Ուհանի վարակաբանության ինստիտուտը երբեք չի սինթեզել, արհեստականորեն չի ստեղծել և թույլ չի տվել կորոնավիրուսային վարակի արտահոսք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

2019 թվականի դեկտեմբերին Ուհանում կորոնավիրուսային վարակի բռնկումից հետո մամուլում բազմիցս շրջանառվել է վարկածն առ այն, որ այն արտահոսել է Ուհանի վարակաբանության ինստիտուտի լաբորատորիայից։ Այս տարվա մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներն այցելել էին Ուհան և տեղի խիստ մեկուսացված BSL-4 լաբորատորիան, որի անունը կապված է կորոնավիրուսային վարակի արտահոսքի մասին լուրերի հետ։

«Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը Ուհանի վարակաբանության ինստիտուտը չի ուսումնասիրել կորոնավիրուսային վարակն ու չի առնչվել դրա հետ։ Ուհանի ինստիտուտը երբեք չի սինթեզել, ստեղծել կամ թույլ տվել կորոնավիրուսային վարակի արտահոսք, և մինչ այժմ ինստիտուտի ոչ մի աշխատակից և ուսանող չի վարակվել Covid-19-ով», — ասել է լաբորատորիայի տնօրեն Յուան Չժիմինը՝ շեշտելով, որ այդ լուրերը հաստատող ապացույցներ չկան։

Եզրափակելով իր խոսքը՝ Ուհանի Կենսաբանական անվտանգության լաբորատորիայի տնօրենը նշել է, որ գիտնականների շրջանում կորոնավիրուսային վարակի ծագման վերաբերյալ համաձայնություն կա առ այն, որ այն բնական ծագում ունի։