Մեկամսյա դասընթացներին մասնակցելու են Ավստրալիայից մինչև ԱՄՆ սփյուռքում դասավանդող շուրջ 140 մանկավարժ՝ 370 դիմորդից: Դասընթացների մեկնարկը տրվելու է այսօր՝ ժամը 18.00-ին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2019 թ.–ին վերապատրաստման ծրագիրը տեղի է ունեցել առկա ձևաչափով, որին մասնակցել է 60 ուսուցիչ, 2020 թ.–ին՝ առցանց ձևաչափով, դիմել է շուրջ 500 և մասնակցել 100 հոգի՝ վեց ծրագրով: 2021 թ.–ին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հայտագրման ժամկետը հուլիսի 13-ն էր: Մասնակցելու համար հայտագրվել էր շուրջ 370 ուսուցիչ՝ 22 երկրից: Նրանցից ընտրվել է շուրջ 140 ուսուցիչ: 2022 թվականին նախատեսվում է ծրագիրն իրականացնել առկա՝ սփյուռքահայ ուսուցիչների Հայաստան այցելությամբ:

«Մեր խնդիրը մեկն է՝ ուժեղացնել հայկական կրթությունը տարբեր բաղադրիչներով, որպեսզի սփյուռքի մեր ուսուցիչներն ունենան թարմացված գիտելիք և կրթական համակարգում հայերենով ժամանակակից հմտություններին և տեխնոլոգիաներին հաղորդակից լինելու հնարավորություն: Դրանով նպաստում ենք հայկական կրթության որակի բարձրացմանը սփյուռքում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Վերապատրաստումն իրականացվելու է 7 առանձին ծրագրերով՝ նախկին 6-ի փոխարեն.

«Ուսուցում մանկապարտեզում» (120 դ/ժամ)

«Ուսուցում մեկօրյա դպրոցում» (120 դ/ժամ)

«Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում» (120 դ/ժամ)

«Հայոց լեզվի և գրականության դասավանդում» (120 դ/ժամ)

«Տնօրենների վերապատրաստում» (80 դ/ժամ)

«Հայոց պատմություն» (120 դ/ժամ)

«Հայ մշակույթի պատմություն և արվեստ» (120 դ/ժամ)

Նշենք, որ Հայոց պատմության և Հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդումը՝ որպես առանձին ծրագրեր, առանձնաբար ներառվել են առաջին անգամ: Մասնակիցների քանակը ավանդական 60-ի և նախորդ տարվա 100-ի փոխարեն այս տարի ընդգրկում է 140 մասնակից 20 երկրից: Ծրագրում նախատեսված են նաև թանգարանների վիրտուալ այցելություններ:

Վերապատրաստման գործընթացը կազմակերպվում է «Ֆիչըր» ընկերության կողմից: Ինչպես ներկայացրել է Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պատասխանատու Արսեն Սիմոնյանը, այս տարի ներգրավվել են 40-ից ավելի վերապատրաստողներ. «Հրավիրել ենք  ներառական կրթության, հայ մշակույթի, պատմության ոլորտների լավագույն մասնագետներին, որոնք կներկայացնեն դասավանդման լավագույն մոտեցումները»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ առաջնային խնդիրներից է սփյուռքի կրթական հաստատությունների թվայնացումը, ինչը կհեշտացնի ԿԳՄՍՆ-ի՝ սփյուռքյան դպրոցներին աջակցելու գործընթացը թե՛ դասագրքերի տրամադրման, թե՛ վերապատրաստումների կազմակերպման առումով:

Այս տարի վերապատրաստման համար ԿԳՄՍ նախարարությունը հատկացրել է 6.5 միլիոն դրամ: Սա ոչ թե հերթական վերապատրաստման ծրագիր է, այլ Հայաստանը սփյուռքին կապող կարևոր օղակ:

Ամփոփ տեղեկություններ ծրագրի մասին

Ծրագրի կայացումը, ֆինանսավորումը և ուսուցիչների մասնակցությունը

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող ամենամյա պետական ծրագիր է, որն իրականացվում է 2000 թվականից:

Ծրագիրն անցել է զարգացման երկար ու բարդ ճանապարհ: 2000-2006 թթ. այն իրականացվել է միայն բարեգործական միջոցների հաշվին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ: Հենց այդ ծրագիրն իրականացնելու նպատակով 1999 թ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմում ստեղծվել էր «Սփիւռք» գիտահետազոտական կենտրոնը: Վերապատրաստման ծրագիրը ստեղծվել էր կենտրոնի և հաստատվել էր նախարարության կոլեգիայի կողմից:

Թեպետ առաջին տարիներին մասնակիցների թիվը չէր գերազանցում 30-ը, բայց այն արագ դրական արձագանք ստացավ սփյուռքում: Սակայն Հայաստանում մեկ ամիս մնալու ծախսերը խոչընդոտ էին վերապատրաստվել ցանկացող ուսուցիչների համար:

Այդ պատճառով 2005 թվականին նախարարությունը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին՝ խնդրելով ստանձնել Հայաստանում ուսուցիչների կեցության և սննդի ծախսերը:

2005 և 2006 թվականներին ծրագիրն իրականացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսավորմամբ: Այդ տարիներին մասնակից ուսուցիչների թվաքանակը հասել է 110-ի:

2007 թվականից ծրագիրն առաջին անգամ ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից՝ միայն ապահովելով դասավանդողների աշխատավարձը, իսկ 2009 թվականից ՀՀ պետական բյուջեն ստանձնել է ամբողջ ծրագրի ֆինանսավորումը՝ ներառյալ ուսուցիչների կեցությունը, երեքանգամյա սնունդը, շրջայցերը, մշակութային ծրագիրը, դասընթացների կազմակերպումը: Այդ տարվանից սկսած մասնակցող ուսուցիչների թիվը, ֆինանսավորման չափերով պայմանավորված, պահպանվել է (տարեկան 60 անձ):

Վերջին երկու տարիներին՝ 2020 և 2021 թթ., կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ վերապատրաստումն իրականացվում է հեռավար ձևաչափով: Դասընթացների կազմակերպումը մրցույթով ստանձնել է «Ֆիչըր» («Feature») կազմակերպությունը` «ՊրոԴեՖորմ» («ProDeForm») կազմակերպության հետ համագործակցությամբ:

Ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը

Ընդհանուր առմամբ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի նպատակներն են նոր գիտելիքի փոխանցումն ու կարողությունների ձևավորումը: Այն ուղղված է նաև անձնական մակարդակում ուսուցչի մոտիվացիայի բարձրացմանը, առարկայի հանդեպ հետաքրքրության աշխուժացմանը, առկա կարծրատիպերի և մասնագիտական գիտակցության «տեղախախտմանը», սփյուռքի կրթական համակարգ-Հայաստան կապի ամրապնդմանը:

20 տարվա ընթացքում ծրագրով վերապատրաստվել է շուրջ 1100 ուսուցիչ՝ 40 երկրից (Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ, Աբխազիա, Բելառուս, Բուլղարիա, Ռուսաստան, Գերմանիա, Եգիպտոս, Թուրքիա, Ավստրիա, Ավստրալիա, Իրան, Իրաք, Քուվեյթ, Սիրիա, Լիբանան, Հունաստան, Ղազախստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Էստոնիա, Բրազիլիա, Կանադա, Բելգիա, ԱՄԷ, Իսպանիա, Եգիպտոս, Շվեյցարիա, Վրաստան, Իսրայել, Ռումինիա, Լիտվա, Լատվիա, Կանադա, Դանիա, Շվեդիա, Կիպրոս, Չեխիա, Նիդեռլանդներ):

Մասնակցող ուսուցիչների որակական կազմը խիստ տարբերակված է, ինչը դժվարացնում է վերապատրաստման խնդիրների արդյունավետ լուծումը, դարձնում է այն խիստ ստեղծագործական: Նրանք գալիս են տարբեր երկրներից, տարբեր տեսակի ուսումնական հաստատություններից, տարիքը տատանվում է 18-ից մինչև 80: Խիստ տարբեր է նախնական պատրաստվածությունը. մասնագիտական կրթության բացակայությունից մինչև Հայաստանում ստացած մանկավարժական կրթություն և անգամ գիտական կոչում, դասավանդվող նյութերի բովանդակության խնդիր և այլն: Միասնական են միայն սաներին հայախոս դարձնելու և հայեցի դաստիարակելու ձգտման առումով: Ուստի ճանաչողական տեսանկյունից վերապատրաստումներում միշտ շեշտադրվել են մանկավարժական տեխնոլոգիաների յուրացումը, լեզվի ուսուցման մեթոդիկան, և դրանք կրել են ստեղծագործական-հետազոտական բնույթ, ինչի արդյունքում ճանաչողական փոփոխությունները կրում են փաստացի ոչ միայն ուսուցիչները, այլև դասավանդող անձնակազմը, որի առջև դրվում է ոչ ստանդարտ խնդիրների լուծման պահանջ:

Դասընթացներն ավարտած ուսուցիչներին տրամադրվում են համապատասխան վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր:

Ծրագիրն ընթանում է մի քանի մասնագիտական ուղղություններով, որոնցից ավանդական են դարձել ուսուցում մանկապարտեզում, մեկօրյա դպրոցում, տարրական ուսուցում ու հայոց լեզվի և գրականության դասավանդում: Հաշվի առնելով սփյուռքի կրթօջախների պահանջարկը՝ պարբերաբար կազմակերպվել են Հայոց պատմության, արվեստի, տնօրենների վերապատրաստումներ և տեղում վերապատրաստողների պատրաստում:

Ծրագրի շրջանակում դասընթացներին զուգընթաց կազմակերպվել են նաև սփյուռքահայ ուսուցիչների ճանաչողական և ուսուցողական շրջայցեր: Ուսուցիչները հանդիպել են գրական, մշակութային և քաղաքական գործիչներին, ծանոթացել պետականության նվաճումներին:

Վերջին 20 տարվա աշխատանքի արդյունքում ստեղծվել է ուսուցիչների միավորման մեկ ընդհանուր ցանց, որի շնորհիվ նրանք շփվում են միմյանց հետ, փոխանակում տեղեկություններ, փոխադարձ օժանդակում են դասավանդման հարցերում:

Յուրաքանչյուր տարի վերապատրաստման դասընթացներից հետո իրականացվում է ուսուցիչների հարցում՝ նրանց արձագանքները և գնահատականները, դիտողություններն ու առաջարկություններն ամփոփելու նպատակով:

2021 թ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախաձեռնվել է վերջին 10 տարվա ծրագրի ազդեցության գնահատում: Գնահատմանն ուղղված հետազոտությունը կիրականացվի մինչև տարվա վերջ: Դրա նպատակն է պարզել ուսուցիչների կողմից դասընթացների բովանդակության իրական յուրացումը և ծրագրի ուղղակի և անուղղակի ազդեցությունը սփյուռքում կրթական գործի վրա: