Կառավարությունը փոփոխություններ կատարեց 2021 թվականի բյուջեի նախագծում և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցներից 8,9 մլրդ դրամ հատկացրեց նախարարությանը՝ 50,7 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ ճանապարհներից 44,9 կիլոմետրը միջպետական նշանակության են, 1,7 կիլոմետրը՝ հանրապետական նշանակության և 4,15 կիլոմետրը՝ մարզային նշանակության:

Միջպետական նշանակության ճանապարհներից հիմնանորոգվելու են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհը, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհը և Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը, դեպի Խոր Վիրապ ճանապարհը, Արթիկ-Անուշավան-Փանիկ ավտոճանապարհի մի հատվածը եւ այլ հատվածներ:

«Ընդհանուր առմամբ ճանապարհաշինությունը մեզ համար կարևոր ուղղություն է, ուզում եմ ընդգծել՝ այստեղ մի թիրախային նպատակի միջանկյալ առումով հասել ենք. խոսքը ճանապարհների որակի մասին է: Ճանապարհների որակի մեջ ունենք տեսանելի առաջընթաց, բայց դեռ չենք հասել այն նպատակին, որի մասին խոսել ենք 2018 թ.: Խոսքը ճանապարհների որակի բոլորովին նոր ստանդարտի հասնելու մասին է»,- ասաց Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: