Միջազգային զբոսաշրջությունը այս տարվա հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում 85%-ով նվազել է՝ համեմատած 2019-ի՝ վերջին նախահամավարակային տարվա նույն ժամանակահատվածի հետ, հայտնում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):

«Զբոսաշրջության պատմության մեջ ամենամեծ ճգնաժամը շարունակվում է արդեն երկրորդ տարին: UNWTO-ի տվյալներով՝ հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում միջազգային զբոսաշրջային հոսքերը 85%-ով ցածր են եղել 2019-ի մակարդակից (եւ 65%-ով քիչ, քան 2020-ին): Չնայած մայիսին գրանցված փոքր աճին, COVID-19-ի շտամների ի հայտ գալը եւ շարունակական սահմանափակումները նշանակում են, որ ներքին տուրիզմը վերադառնում է շատ ավելի արագ տեմպերով, քան միջազգային ուղեւորությունները»,- ասվում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հաղորդագրության մեջ:

Այս տարվա առաջին հինգ ամիսներին աշխարհում գրանցվել է 147 միլիոնով պակաս միջազգային ժամանումներ՝ համեմատած 2020-ի նույն ժամանակահատվածի հետ եւ 460 միլիոնով պակաս, քան 2019-ին: Մայիսին մի փոքր աճի միտում հայտնվեց, քանի որ որոշ երկրներ սկսեցին մեղմել սահմանափակումները:

ՄԱԿ-ին կից Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) փորձագետները հիմնականում կարծում են, որ համաշխարհային զբոսաշրջությունը, ոլորտում COVID-19 համավարակի հետ կապված համաշխարհային կորուստներից հետո, իր մակարդակը կկարողանա վերականգնել 2023 թվականից ոչ շուտ:

UNWTO-ն 2020 թվականը գնահատել է որպես դիտարկումների ամբողջ պատմության ամենավատ ժամանակահատվածը: Անցյալ տարի մեկ միլիարդով պակաս միջազգային ուղեւորություններ են եղել, քան 2019 թվականին (1,5 միլիարդ):