ԱՄՆ-ը լրացուցիչ միակողմանի պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ, եթե վերջինս շարունակի Ռուսաստանից խոշոր սպառազինությունների համակարգեր եւ ռազմական տեխնիկա ձեռք բերել: Չորեքշաբթի Անկարային ուղղված նման նախազգուշացում է արել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը:

«Մենք շարունակում ենք դեմ լինել Թուրքիայի կողմից Ռուսաստանի հակաօդային պաշտպանության С-400 համակարգի գնմանը եւ տեղակայմանը: Մենք հասկացրել ենք, որ Ռուսաստանից խոշոր զենքի ցանկացած նոր գնում կհանգեցնի լրացուցիչ պատժամիջոցների կիրառման [ԱՄՆ օրենքի շրջանակներում]», — հայտարարել է փոխարտգործնախարարը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:

«[Թուրքիայի հետ հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչ] F-35-ի վաճառքը եւ համատեղ արտադրությունը կշարունակեն կանգնեցված մնալ», — ավելացրել է նա:

Նուլանդը հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է եւ կշարունակի Թուրքիային ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված իրավիճակից դուրս գալու տարբեր ելքեր առաջարկել, ինչին դեմ է Վաշինգտոնը: