Irakanum.am-ի զրուցակին է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Պարոն Ստեփանյան, օրերս գրառում էիք արել՝ կոչ անելով քաղաքացիներին այցելել Արցախ։ Այդ կոչն արդյո՞ք ուղղված էր նաեւ ՀՀ իշխանություններին։

Հետպատերազմյան Արցախում իրապես ՀՀ քաղաքացիների, Սփյուռքի մեր հայրենակիցների և օտարերկրացիների այցերի կարիք կա։ Ես հատուկ նշել եմ, որ հենց տարվա այս ժամանակահատվածում Արցախում կյանքը բավականին ակտիվանում էր, որովհետև հազարավոր այցելուներ էինք ունենում։ Պարզ է, որ պատերազմից հետո Արցախ այցելելն այդքան էլ գրավիչ չէ՝ հաշվի առնելով բազմաթիվ հարցերում անորոշությունները, անվտանգային մտահոգությունները և այլ հարցեր։ Ես նկատել եմ, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն մեծ ցանկություն այցելելու, բայց միաժամանակ նաև վախ կա իրենց մեջ, ու իմ կոչը հենց դրան էր ուղղված, որ հաղթահարեն վախը և այցելեն Արցախ։ Եթե նախկինում Արցախ այցելելը զուտ մաքուր բնության և հայկական մշակույթի միջավայրում հանգիստ անցկացնելու նպատակ էր հետապնդում, հիմա առավել մեծ իմաստ ունի, և այդ իմաստի հիմքում Արցախի ժողովրդին թև ու թիկունք կանգնելն է, գոտեպնդելն ու ոգևորելը։ Կոչն ուղղված է բոլորին՝ քաղաքացիներից սկսած մինչև ամենաբարձր պաշտոնյա, առանց իշխանություն-ընդդիմություն տարբերակման։

Պատերազմից հետո որեւէ պաշտոնյա Արցախ այցելե՞լ է։

Այցեր եղել են, ոչ այն հաճախականությամբ, ինչպիսին կային մինչպատերազմյան շրջանում։ Այնուամենայնիվ կոնկրետ ուղղությունների պատասխանատուների այցեր եղել են, բայց հստակ է, որ դրանք ակտիվացնելու կարիք կա։ Ես մեր հայաստանյան գործընկեր կառույցի մասով կարող եմ ասել, որ իմ գործընկեր Արման Թաթոյանը իր աշխատակազմի անդամների հետ միասին պատերազմին անմիջապես հաջորդող օրերին Արցախում էր։

ՀՀ իշխանությունները կարծես թե մոռացել են Արցախի մասին։ Որեւէ բանակցություն չի գնում, որեւէ գործընթաց չի արվում։

Իրականում մտահոգիչ է, որ բանակցություններ չեն ընթանում, թեև միջազգային տարբեր կառույցների՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից եղել են բանակցությունների ֆորմատը վերականգնելու և դրանք գործարկելու վերաբերյալ հայտարարություններ։ Կարծում եմ, որ Հայաստանում ընտրական գործընթացները նույնպես ազդել են այդ գործընթացների վրա և հուսով եմ, որ առաջիկայում այս ուղղությամբ հայաստանյան կողմի գործողությունները կակտիվանան՝ օրակարգում ունենալով Արցախի կարգավիճակի, անկախության առաջմղման հարցը։ Հայկական դիվանագիտության համար մեկ խնդիրը աշխարհին հասանելի լեզվով բացատրելն է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ ուղղված է Արցախի հայության կյանքի իրավունքի դեմ։ Սրանում մենք և միջազգային հանրությունը մեկ անգամ ևս համոզվել ենք 44-օրա պատերզամի ժամանակ՝ ականատես լինելով ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից իրականացված պատերազմական հանցագործություններին, ֆաշիզի և հայատյացության ամենադաժան դրսևորումներին։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Արցախի ՄԻՊ-ը ռազմագերիների հետ վերադարձի կապակցությամբ։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այս հարցում երկու հիմնական գործառույթ է իրականացնում։ Առաջինը՝ մենք շարունակում ենք պարբերաբար թարմացնել հայ ռազմագերիների և անհետ կորած անձանց վերաբերյալ տվյալները և համադրել դրանք այլ իրավասու մարմինների հետ, ինչպես նաև հավաքագրված տեղեկատվությունը տրամադրում ենք լիազոր մարմիններին։ Երկրորդը՝ մեր կոչերով, հայտարարություններով, նամակներով փորձում ենք հասնել նրան, որ միջազգային հանրության կողմից ավելացվի ճնշումը Ադրբեջանի վրա։ Մենք համագործակցում ենք նաև իրավապաշտպան կազմակերպությունների և անհատ իրավապաշտպանների հետ՝ անհրաժեշտության դեպքում կոնկրետ այս հարցով աջակցելով գերության վերաբերյալ փաստերի և ապացույցների հավաքագրմանը։

Ձեր կարծիքով ինչու՞ այլեւս ՀՀ իշխանությունները չեն հայտարարում, որ Արցախը Հայաստան է, և վերջ:

Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել ՀՀ իշխանություններին։ Արցախը հայկական պահելու համար հայտարարությունները բավարար չեն, պետք է հստակ աշխատանքներ տանել՝ նախ բոլոր միջոցներով կասեցնել արտագաղթը Արցախից և երկրորդ՝ պայմաններ ստեղծել, որպեսզի Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտված տարածքներից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնցից առնվազն 20 000-ը դեռևս գտնվում է Արցախից դուրս, վերադառնան։ Անվտանգային, սոցիալական, զարգացման թիրախային ծրագրերի իրականացման միջոցով է հնարավոր հասնել արդյունքի։ Արցախի հայկականության պահպանումը ուղիղ համեմատական է ընդհանուր հայկական պետականության պահպանմանը։

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի