«Շուտ ոգևորվող և արագ հիասթափվող ազգ ենք։ Ո՛չ իշխանական բուռն ոգևորությունն է տրամաբանական, ո՛չ ընդդիմության սուգ ու շիվանն են հասկանալի։ Որովհետև սա առնվազն պյուռոսյան հաղթանակ է և մեր՝ արագ փոխվող ժամանակներում կարող է մի քանի ակնթարթ տևել։ Մանավանդ՝ դատելով «հաղթողների» անմտությունից և սխալների քանակից, իրենք կարող են իրենց գերեզմանափորը դառնալ և շատ ավելի կարճ ժամանակահատվածում, քան կարծում են։

Երկրորդ․ ո՞ւմ են իրականում հաղթել՝ մեր սահմաններին չոքած թշնամո՞ւն, տնտեսական ու քաղաքական ճգնաժամի՞ն, ժամանակակից մարտահրավերների՞ն։ Ընդամենը սեփական էլիտային, մտածող մարդկանց զանգվածին, որոնք ուզում էին ազատվել պարտության խարանից և երկրի համար զարգացման հեռանկար բացել։ Իսկ, մեծ հաշվով, հաղթել են սեփական պետությանն ու հասարակությանը։ Իշխանատենչների մի փոքրիկ խմբակ ցածր կենսամակարդակով մարդկանց մոլորեցրել է և ստացել նրանց քվեն՝ ապագա խոստանալով։ Բնականաբար, այդ խոստումները չեն կատարվելու, և մենք առաջիկայում ունենալու ենք ավելի խորացած ճգնաժամ, անլուծելի դարձած խնդիրներ, հայաթափվող Արցախ ու Հայաստան և ապագայի ավելի ու ավելի հեռացող հեռանկար։

Բայց ընդդիմության դեպրեսիան ու անկումային տրամադրություններն էլ հասկանալի չեն՝ ոչ մի հաղթանակ հեշտությամբ չի տրվում, և առաջին իսկ անհաջողությունից թևաթափ լինելը բնորոշ է թույլերին ու անկարողներին։ Մենք ամիսներ առաջ չէինք կարող անգամ պատկերացնել, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անվան հետ կապված ուժերը կարող են անցնել խորհրդարան։ Սա լավ ստարտային հնարավորություն է՝ հաջողությունը զարգացնելու, պայքարը շարունակելու և հանրությանն ապացուցելու համար, որ ձեր վախերն ուռճացված են, մենք գալիս ենք լավ մտադրություններով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։