Սեւ ծով բրիտանական Defender հածանավն ուղարկելու վերջնական որոշումը կայացրել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, գրում է Telegraph թերթը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության աղբյուրին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը ավելի վաղ մտահոգություն էր հայտնել պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի՝ հածանավը դեպի այդ երթուղի ուղարկելու պլանների հետ կապված։

«Որոշումը փոխանցվել է Դաունինգ սթրիթ, որպեսզի վարչապետը վերջնական ընտրություն կատարի։ Հրահանգները 45 տիպի հածանավին փոխանցվել են երկուշաբթի»,- գրում է թերթը։

Պարբերականի համաձայն՝ քննարկումները կառավարությունում ցույց են տվել, որ առաքելությունից առաջ «պարզել են ռիսկերը»։

Նախօրեին Defender-ը հատել էր Ռուսաստանի ծովային սահմանը եւ երեք կիլոմետր խորացել նրա տարածքում Ղրիմի Ֆիոլենտ հրվանդանի շրջանում։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ սահմանապահ նավակը նախազգուշական կրակ է բացել, իսկ Су-24М ինքնաթիռը որպես նախազգուշացում ռումբեր է նետել ռազմանավի շարժման ուղեգծով։

Լոնդոնում, իրենց հերթին, հայտարարել են, որ ռազմանավը կատարում էր խաղաղ նավարկություն Ուկրաինայի տարածքային ջրերով՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Այնտեղ նաեւ հերքել են տեղեկությունները հածանավի կրակակոծվելու մասին։ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքով՝ Սեւ ծովով անցումը «միանգամայն տեղին էր»։

Միջադեպի առիթով ԱԳՆ են կանչել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոներթին, նրան վճռական բողոք է հայտնվել։