«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին քիչ առաջ սրտային տագնապով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանից։

Նշենք, որ քիչ առաջ դատավոր Արմինե Մելիքսեթյանը Արմեն Չարչյանին մեկ ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։