Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» միջազգային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ ամբողջ աշխարհն է ծանրաբեռնված, խնդիրների մեջ, այդ պատճառով էլ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բոլորի կարծիքը հետևյալն էր՝ թող մնա նույն ուժը, քանի որ Արցախյան պատերազմից հետո ստորագրվել է եռակողմ համաձայնություն Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի միջև, թող շարունակեն իրագործել այն։

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին դրսի վերաբերմունքին։

«Ընտրություններին մասնակցող մյուս ուժերը չէին առաջարկում այլ բան, որոշները հայտարարում էին, թե պետք է գնալ, հետ վերցնել տարածքներ և այլն։ Դրա համար էլ աշխարհում ստեղծվեց այն կարծիքը, որ ավելի լավ է գան իշխանության նրանք, ում հիմա է այն պատկանում»,- ասաց նա։

Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ ինքը, ավելի լավ ծանոթ լինելով հայկական միջավայրին, նաև ինչ-որ առումով անելով իր հարցումները՝ հասկացել է՝ պատերազմում պարտված վարչապետի՝ Փաշինյանի հաղթանակը ընտրություններում պայմանավորված էր նրանով, որ մարդիկ ընտրության էին գնացել ոչ թե «հանուն» ինչ-որ բանի, այլ «ընդդեմ» ինչ-որ բանի։

«Նրանք, որոնք վախենում էին հների վերադարձից՝ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմից, անգամ դեմ լինելով Փաշինյանին՝ քվեարկել են նրա օգտին, որ հները չվերադառնան։ Եվ հակառակը, նրանք, որոնք կարծում էին, որ Փաշինյանը դավաճան է, չէին ընդունում նրան, գնացել և քվեարկել են նախկին իշխանությունների օգտին։ Այսինքն՝ ընտրությունն «ընդդեմ» ինչ-որ բանի էր։ Իսկ երբ ընտրությունը հակադրությունների մեջ է, ինձ համար պարզ էր, որ մնացած ուժերը ընտրություններում ձախողվելու էին, քիչ ձայներ էին հավաքելու»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ ղարաբաղյան պատերազմի պարտությունից առաջացած նվաստացումն ու այլ զացողություններ անցել են, և այսօր Հայաստանում շատերը մտածում էին, թե ինչ սոցիալական հարցեր պետք է լուծեն քաղաքական ուժերը, ինչպես են Հայաստանը զարգացնելու։

«Այսինքն՝ նրանցից շատերն արդեն մոռացել են անվտանգության խնդիրների մասին, թե ինչ է նրանց հետ լինելու, ինչ կլինի, եթե ռուս խաղաղապահները գնան։ Մարդիկ արդեն մտածում են իրենց ամենօրյա սոցիալական խնդիրների մասին, և դրա համար էլ ասացին՝ «Լավ, ամեն դեպքում, Փաշինյանին ընտրենք, չէ՞ որ նա ինչ- որ բան ցանկանում էր անել, կոռուպցիայի դեմ էր պայքարում, չնայած, անկեղծ ասած, այդպես էլ չերևաց, թե իրականում ինչ է արվել այս ոլորտում։ Ամեն դեպքում, լոզունգների ձևով հայտարարություններ են եղել։ Իսկ ի՞նչ են արել նախկինները․․․»։ Այսինքն՝ կար վիրավորանք նախկինների նկատմամբ։ Նրանք ոչ մի նոր բան էլ չառաջարկեցին, դրա համար մարդիկ եկան և ընտրեցին Փաշինյանին»,- նշեց Ցինկերը։

Այսօր ձևավորվող հայաստանյան խորհրդարանը, ըստ իսրայելցի գործչի, շատ ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ այնտեղ անցած ուժերը կամա թե ակամա ռուսամետ են։ «Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ը հրապարակային հայտարարել են, որ իրենք ռուսամետ են, իսկ Փաշինյանի ձեռքերը կապված են եռակողմ համաձայնագրով, և նա ոչինչ չի անում, բացի նրանից, ինչ նրան խորուրդ են տալիս Կրեմլից»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ընտրություններից հետո էլ կարծես թե չի լուծվում ներքաղաքական ճգնաժամը, «Հայաստան» դաշինքը չի ընդունում ընտրության արդյունքները, Ալեքսանդր Ցինկերը պատասխանեց, որ կարող է կրկնվել Վրաստանի օրինակը՝ ընդդիմությունը չվերցնի իր մանդատները՝ այդպես ստեղծվի քաղաքական, սահմանադրական և իրավական ճգնաժամ։

«Չի կարող լինել միակուսակցական խորհրդարան ձեզ մոտ, գուցե սկսվեն խորհրդակցություններ խորհրդարանի լեգիտիմության վերաբերյալ և այլն։ Շատ բան կախված է նրանից, թե հետո ինչպես կվարվի ընդդիմությունը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հիմա նկատելի է, որ խորհրդարանում շատ ձայներ հավաքած թիմերին հնարավոր չէ համախմբել համազգային կառավարության շրջանակներում, ինչպես շատ երկրներում, այդ թվում՝ Իսրայելում է եղել։

«Ամեն դեպքում, եթե խորհրդարանն աշխատի, ես չնայած չեմ սիրում խորհուրդներ տալ, Փաշինյանին խորհուրդ կտամ պրոֆեսիոնալների կառավարություն կազմել, ոչ թե իր կողմակիցներին, որոնցից շատերը չունեն պրոֆեսիոնալի փորձ։ Լավ կլինի, որ նախարարություններում լինեն պրոֆեսիոնալներ և զբաղվեն տնտեսական աճով և սոցիալական խնդիրների լուծմամբ, Հայաստանի անվտանգային խնդիրներով։ Եթե մարդիկ տեսնեն, որ կառավարությունում մարդիկ ոչ թե քաղաքականությամբ են զբաղվում, այլ՝ կառավարմամբ, գուցե հասարակությունում էլ առաջանա «ընդառաջ գնալու» շարժում։ Հիմա Հայաստանում՝ ձեր հասարակությունում հակասությունները շատ են, այն ծայրահեղացված է, իսկ դա ինչ-որ ձևով պիտի քչանա»,– ասաց նա

 

Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան