ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի համոզմամբ, Պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված պատերազմի ընթացքը քննող հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն արդեն պետք է հասարակությունը տեսներ, արդեն պետք է հրապարակվեին գաղտնիք չպարունակող որոշակի տեղեկություններ:

Հիշեցնենք, որ ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր է հայտարարել, որ հանձնաժողով է ստեղծվել: «Պաշտպանության նախարարությունը տեղեկատվական այս հոսքերի մեջ, այս իրադրության , այս քննադատությունների մեջ վաղուց արդեն պետք է հասարակությանը ներկայացներ, ասեր, որ ստեղծվել է հանձնաժողով եւ գաղտնիք չպարունակող տեղեկությունները պարբերաբար ներկայացներ հասարակությանը՝ մտահոգությունները փարատելու համար, բայց միաժամանակ այդ գործունեությունը պետք է կատարի իր ու պետության համար՝ համապատասխան եզրահանգումներ անելու, բացթողումները վերհանելու ու դրական կողմերը նշելու համար : Ապրիլյան պատերազմից հետո մենք ստեղծել ենք հանձնաժողով ու ինքներս՝ մեզ, չենք խնայել՝ բացահայտելու բոլոր թերությունները, նաեւ վերհանել բոլոր դրական կողմերը, եվ, եթե պաշտպանության նախարարությունն իր թշնամին չէ, պետք է օբյեկտիվ քննություն կատարի»,- Irakanum.am-ին ասաց ՊՆ նախկին նախարարը:

Irakanum.am