«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանն առաջիններից էր, որ պահանջեց ազատ արձակել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին:

«Առանց անդրադառնալու քրեական գործի հարուցման հարցին՝ պետք է արձանագրենք, որ տվյալ դեպքում ակնհայտ անհամաչափ է ու ոչ մի կերպ իրավաչափ չէ հարկադրանքի ցանկացած միջոցի առկայությունը՝ թե ձերբակալման, և թե հնարավոր կալանավորման մասով»,- հայտարարության մեջ նշել էր Արա Բաբլոյանը:

Ու թեև հունիսի 18-ի երեկոյան Արմեն Չարչյանին ազատ արձակեցին, սակայն գործընթացը կանգ չառավ․ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ բավարարել է այդ միջնորդությունները:

168.am-ը Արա Բաբլոյանին խնդրեց անդրադառնալ ստեղծված իրավիճակին։ Նա մասնավորապես նշեց.

«Բարեբախտաբար, դատարանը ճիշտ որոշում ընդունեց և այդ օրն ազատ արձակեց պրոֆեսոր Չարչյանին, կարծում եմ, իսկապես, խափանման նման միջոցն անհամաչափ էր և անհամաչափ է նաև այսօր:

Ես կողմ եմ, որ օրենքի առջև հավասար ենք բոլորս` անկախ մեր մասնագիտությունից կամ հասարակության մեջ ունեցած դիրքից:  Սակայն հորդորս այն է, որ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, չընտրվի մի մարդու նկատմամբ, որը  կյանքեր է փրկել` նվիրելով իր կյանքի տարիները, և հիմա էլ ինքն ունի առողջական խնդիրներ:  Ինչո՞ւ է պետք անպայման կալանավորել մարդուն և միայն այդ պայմաններում շարունակել իրավական գործընթացը: Մի՞թե  դատախազությունը կարծում է, թե Արմեն Չարչյանը վտանգավոր անձնավորություն է մեր հասարակության համար, լինելով ազատության մեջ՝ կարող է վտանգել ուրիշների կյանքը կամ կդիմի փախուստի և կխոչընդոտի գործընթացը:

Կարծում եմ, որ այսպիսի մոտեցումը ավելորդ լարվածություն է ստեղծում հասարակության մեջ»:

«Ընտրությունները ավարտվեցին, և հիմա բոլորս պետք է վերադառնանք մեր բնականոն կյանքին, աշխատենք հանուն մեր երկրի ամրապնդմանն ու  զարգացմանը:

Ի վերջո, մենք ցանկանում ենք ունենալ օրենքը պաշտպանող երկիր, որտեղ մարդիկ հավասարապես պատասխանատու են օրենքի առջև և միաժամանակ ունեն  իրավունքներ. մենք ուզում ենք ունենալ հասարակություն, որը օրինապաշտ է, հանդուրժող է, բարեսիրտ ու մարդասեր»,- եզրափակեց Արա Բաբլոյանը: