ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին` հույս հայտնելով, որ դրանց արդյունքները կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

«Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքներն օրենսդրական ձևակերպումից հետո կնպաստեն Հայաստանի առաջադեմ զարգացմանը, ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանն ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում, նախևառաջ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայատարարությունների լիակատար իրագործման առումով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

Զախարովան ընդգծել է, որ ընտրություններին հետևել են բազմաթիվ տեղացի և արտասահմանյան դիտորդներ, այդ թվում` Ռուսաստանից: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարել է, որ ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, և դիտորդները որևէ խոշոր խախտում չեն արձանագրել, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա: Նման գնահատական են տվել նաև ՀԱԿՊ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաքելությունների դիտորդները: