ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Մոսկվայում կայացած «Պրոդէքսպո» ցուցահանդեսին մասնակցելու համար ծախսել է շուրջ 32 մլն դրամ։ Այս մասին նախարարությունից հայտնել են ի պատասխան Irakanum.am-ի գրավոր հարցման։ Էկոնոմիկայի նախարարություն ուղարկված հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե որքա՞ն գումար է ծախսվել ցուցահանդեսին մասնակցելու համար։ Ի պատասխան այդ հարցի, նախարարությունից հայտնել են, թե ցուցահանդեսի կազմակերպման նպատակով ծախսվել է 31․851․199 ՀՀ դրամ։

Միաժամանակ խնդրել էինք տրամադրել տեղեկություն այն մասին, թե որ կազմակերպություններն են մասնակցել Մոսկվայում կայացած ցուցահանդեսին։ Այս առնչությամբ մեր գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունը ներկայացրել է հետեւյալ ընկերությունների անունները։ «Արմգար Պրոդ», «Վանսեվան», «Շիրակամուտ», «Վայն ֆորմուլա», «Նոա օֆ Արենի», «Ոսկեվազի գինու գործարան», «Վան արդի», «Գևորգյան գինու գործարան», «Ջրաղացպանյան վայների»,  «Տուշպա գինու կոնյակի գործարան», «Զուլալ», «Օշին Սելլարս» ՍՊԸ-ները։ Բացի այդ ըստ նախարարության՝ «Բիեյջ բրենդի քոմփանի», «Տիեռաս դե Արմենիա» և «Վայնվորքս» ՓԲԸ-ները Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին ներկայացրել են ցուցահանդեսին մասնակցելու հայտ և կատարել են մասնակցության համար անհրաժեշտ վճարում։

Irakanum.am-ը նախարարությունից խնդրել էր տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ի՞նչ առնչություն ունի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը «Շիրակամուտ», «Վայն ֆորմուլա» ընկերությունների հետ։ Նախարարությունը գրավոր հարցման այս հատվածն անպատասխան է թողել։ Կառույցից հայտնել են, թե պահանջվող տեղեկատվությունը անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն է։

Մինչդեռ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այդ երկու ընկերությունները պատկանում են հենց հիմնադրամի տնօրենին։ Իհարկե փաստաթղթերով այլ անձի տնօրինության տակ է։ Բայց ուշաագրավն այն է, որ երկու ընկերություններն էլ նույն հասցեով են գործում։ Եվ  «Շիրակամուտ» և «Վայն ֆորմուլա» ընկերությունները գործում են Վազգեն Սարգսյան 26/3 հասցեում։

Փաստացի ստացվում է Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ղեկավարությունը  սեփական ընկերությունների արտադրանքը գովազդելու և արտերկրում ցուցահանդեսի մասնակցելու համար հայտ է ներկայացրել, որը բավարարվել է։

Տեղյակ է արդյո՞ք Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս ամենից, Irakanum.am-ը կփորձի պարզել նախարարի պաշտոնակատարից։

Միաժամանակ տեղեկացնենք, որ փորձեցինք կապ հաստատել  «Շիրակամուտ» և «Վայն ֆորմուլա» ընկերությունների հետ։ «Շիրակամուտ»- ի գործադիր տնօրեն Վահագն Ոսկանյանը հայտնեց, թե նպատակահարմար չի գտնում որեւէ հարցի պատասխանել։  Իսկ «Վայն ֆորմուլա» ընկերություն մեր զանգերը մնացին անպատասխան։

Irakanum.am