ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստում եվրոպացի գործընկերներին կոչ  է արել հստակ և միանշանակ կերպով անդրադառնալ Ադրբեջանի գործողություններին, պատժամիջոցներ կիրառել՝ ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական  բռնապետական ղեկավարության, Հայաստանի հետ միասնական քայլեր ձեռնարկել՝ շուտափույթ ավարտին հասցնել համար գերիների վերադարձի գործընթացը:

Մարուքյանն իր ելույթում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո մինչ այժմ ադրբեջանական իշխանությունը դեռևս չի ազատել հայ գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, կանանց։

«Այսօր 13 հայ ռազմագերու դատավարություն է նշանակված Ադրբեջանում։ Այսինքն, շինծու քրեական գործեր են հարուցված նրանց դեմ Ադրբեջանում, ինչը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը. Նախագահ Ալիևը հայտարարում է, որ չի վերադարձնի ռազմագերիներին, քանի դեռ չի ստացել ականապատված տարածքների քարտեզները։ Այսինքն՝ նա քաղաքականացնում է հումանիտար հարցը և բացահայտում, որ հայ ռազմագերիները որպես պատանդ են պահվում Ադրբեջանում։ Մենք ունենք նաև տեղեկություններ այն մասին, որ որոշ հայ գերիներ (այդ թվում՝ կանայք) տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում»,-ասել է Մարուքյանը:

Նա ԵԽԽՎ-ում հիշեցրել է, որ մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերն ապօրինի կերպով հատել են հայկական սահմանն ու այդ հատվածում առաջ եկել 3.5 կմ, ապօրինի առաջխաղացմամբ ամրացել ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում։  Մարուքյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Սև լճի տարածքում բացարձակապես անթույլատրելի է և կոպտորեն խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածը։ Պատգամավորը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության այսպիսի տևական և անօրինական խախտումները լրջորեն խոչընդոտում են այդ հայտարարության ամբողջական կիրառմանը և նոր սպառնալիքներ ստեղծում տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության համար։

«Ըստ այդմ՝ կոչ ենք անում մեր եվրոպացի գործընկերներին հստակ և միանշանակ կերպով անդրադառնալ Ադրբեջանի գործողություններին, կիրառել սանկցիաներ ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական բռնապետական ղեկավարության, մեզ հետ կատարել միասնական քայլեր՝ շուտափույթ ավարտին հասցնելու համար գերիների փոխանակման գործընթացը՝ առանց նախապայմանների և արհեստական խոչընդոտների, ինչպես շինծու քրեական գործերն են, ինչպես նաև վերահաստատելու ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ ստիպելով Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը հանել իր ստորաբաժանումները հայկական տարածքներից»,-ասել է Մարուքյանը: